«Հեքիաթֆիլմ» տեսահոլովակ

«Հեքիաթֆիլմ» կինոնախագծի հիմնի ստեղծումը

«Հեքիաթֆիլմ» կինոնախագիծը գործում է 2009 թվականից և վաղուց արդեն ժամանակն էր այն լիարժեք կերպով ներկայացնող երգ՝ հիմն ունենալ: «Հեքիաթֆիլմ» -ի հիմնադիր և հեղինակ Նարինե Մնացականյանը գրեց «Հեքիաթֆիլմ» վերնագրով երգ, որի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ: Երգի գործիքավորումը կատարել է՝ Սամվել Մուսախանյանը: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Նարինե Մնացականյանն է, օպերատորը՝ Վանիկ Մարիկյանը, պարուսույցը՝ Սեդա Գասպարյանը: Երգը որպես մենակատար կատարել և տեսահոլովակում թագուհու կերպարով հանդես է եկել՝ երգչուհի Դալիթա Ավանեսյանը: «Հեքիաթֆիլմ» տեսահոլովակում խոռով երգել են, պարել և կերպարներով հանդես եկել՝ Մանե և Վահագն Խաչատրյանները, Շողեր Սանասարյանը, Միքայել Մկրտչյանը, Սիրանուշ Թութարը, Նարե Ավագյանը, Ինգա Էկիշյանը, Անժելիկա Ալեքսանյանը, ինչպես նաև պարուսույց Սեդա Գասպարյանը: Այս տեսահոլովակում միևնույն երեխան հանդես է գալիս իր մի քանի շնորհքներով, որն էլ «Հեքիաթֆիլմ»- ի նպատակներից մեկն է. բացահայտել երեխաների թաքնված շնորհքներն ու զարգացնել բացահայտվածները:
«Հեքիաթֆիլմ» կինոնախագիծն իր խորին երախտագիտությունն է հայտնում տեսահոլովակի ստեղծման գլխավոր աջակից՝ Աշոտ Բլեյանին և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամբողջ աշխատակազմին՝ Սյուզի Մարգարյանի գլխավորությամբ:

 

Հիմնի տեսահոլովակի պրեմիերան

2014թ. օգոստոսի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հեքիաթֆիլմ» կինոնախագծի հիմնի և հիմնի տեսահոլովակի պրեմիերան: Սա մեծ իրադարձություն էր թե՛ «Հեքիաթֆիլմ»-ի և թե՛ հանդիսատեսի համար. չէ՞ որ «Հեքիաթֆիլմ»-ն արդեն հիմն ունի: Հանդիսատեսի հիացմունքը և բուռն ծափահարությունները վկայեցին, որ երգը և տեսահոլովակը ստացված են: Տեսահոլովակի սյուժեն մանկապատանեկան մոտեցմամբ ներկայացնում է, թե ինչպես է գրի առնված ստեղծագործությունը դուրս գալիս թղթից և հայտնվում կինոխցիկի մեջ ու վերածվում կինոֆիլմի:
Պրեմիերայի բացումը կատարեցին Պարարվեստի ուսումնարանի ուսանողներ Սեդա Գասպարյանը և Համլետ Միրզոյանը՝ ներկայացնելով մի գեղեցիկ պարային դուետ՝ Նարինե Մնացականյանի «Անիտա» ստեղծագործության ներքո: Բացի նոր տեսահոլովակից ցուցադրվեցին նաև տեսահոլովակներ «Արժանի լինել» ֆիլմից:
Պրեմիերայի ավարտին, հեղինակ և ռեժիսոր Նարինե Մնացականյանը տեսահոլովակի մասնակիցների և նրանց ծնողների կողմից պարգևատրվեց «Հեքիաթֆիլմ» մրցանակով: Գլխավոր աջակից Աշոտ Բլեյանին հանձնվեց շնորհակալագիր՝ «Հեքիաթֆիլմ»- ի կողմից, իսկ Սյուզի Մարգարյանը ստացավ՝ «Հեքիաթֆիլմի հրեշտակ» մրցանակ: Երկու ֆիլմերում հրաշալի դերակատարման և «Հեքիաթֆիլմ»-ին լավ ընկեր լինելու համար, դերասանուհի Լաուրա Ավագյանը պարգևատրվեց «Հեքիաթֆիլմ» մրցանակով:
«Հեքիաթֆիլմ» կինոնախագծի հիմնի տեսահոլովակի պրեմիերայի պատվավոր հյուրերն էին ռեժիսորներ՝ Աշոտ Հակոբյանը, Հենրի Քոչարյանը և Հայկ Սարդարյանը, www.heqiatfilm.com կայքի տեխնիկական տնօրեն՝ Արթուր Մնացականյանը, պատանի երգչուհի՝ Մերի Քոչարյանը, պարուսույց՝ Արշակ Գասպարյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատվիրակությունը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Մանկական երկիր» հաղորդաշարի աշխատակազմը, «Հեքիաթֆիլմ»-ի դերասաններ Կարինե Գասպարյանը, Լաուրա Ավագյանը, Արմեն Բալաբանյանը, Մանե Գաբրիելյանը և այլոք:
«Հեքիաթֆիլմ» կինոնախագծի հիմնի տեսահոլովակը, ինչպես նաև «Հեքիաթֆիլմ»- ի նկարահանած ֆիլմերը նվեր են բոլոր երեխաներին: «Հեքիաթֆիլմ»-ի պաշտոնական www.heqiatfilm.com կայքն ընձեռում է այդ ամենն անվճար դիտելու հնարավորություն: