Արամ Գյուրջյան

 

«Այդ ո՞վ որոշեց, որ չկան այլևս փոքրիկ իշխաններ,

                                Այդ ո՞վ որոշեց ,որ չկա էլ հեքիաթ մեզանում»… 

   ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Հեռուստատեսային ֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր,                 դերասան,                                                                           հեղինակ – կատարող,                                               հոգեբանական գիտությունների թեկնածու

«Հեքիաթֆիլմ» նախագծի «Արժանի լինել» ֆիլմում մարմնավորել է դպրոցի տնօրեն Տիրան Զորաբյանի կերպարը

          Արամ Գյուրջյանը ծնվել է 1980թ. հունիսի 13-ին Երևանում: Ավարտել է «Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի» «հեռուստատեսային ֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսուրա» բաժինը: Աշխատել է «Երևանի Պետական Կամերային Թատրոնում», «Արմենակոբ», «Արմենիա», «Հանրային» հեռուստաընկերություններում,«Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում»:  Այժմ աշխատում է «Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարությունում»՝ որպես ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ: Շուրջ 60-ից ավելի երգերի հեղինակ է: Կատարում է նաև տարբեր հեղինակների ռուսական շանսոն: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

          Արամ Գյուրջյանի խաղացած դերերից են.  «Երևանի Պետական Կամերային Թատրոն»՝ «Կաբառե» ներկայացում-զուգահեռաբար մի քանի կերպար,«Կախարդական պարահանդես»ներկայացում – արքայազն,«Գիտնական և հետախույզ» հեռուստանախագիծ -խորհրդային հետախույզ Հայկ Հովակիմյան,«Ոգեկանչության սրահ» հեռուստանախագիծ – կախարդ պարոն Սեբաստիան, «Հրացանակիրները 200 տարի անց» հեռուստաֆիլմ- կարդինալ,«Ամանորի հեքիաթ»հեռուստաֆիլմ – գայլ,«Կյանքի գինը» հեռուստասերիալ – ազգային ժողովի պատգամավոր Կառլոս Երեմիչ, «Վերջին ցանկություն» ֆիլմ – Սուրեն, «Հրեշտակների դպրոց» – քննիչ, «Առագաստ» մոնո ներկայացում,(որով մասնակցել է «Արմմոնո» միջազգային  մոնո ներկայացումների փառատոնին և արժանացել մրցանակի),«Հեքիաթֆիլմ» նախագիծ ՝«Արժանի լինել» ֆիլմ- դպրոցի տնօրեն՝ Տիրան Զորաբյան:

 

– Ո՞րն է Ձեր սիրած զբաղմունքը: 

– Քանի որ ես հիմնականում զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքներով, դերասանի մասնագիտությունն ինձ համար նաև սիրած զբաղմունք է: Սակայն միշտ չէ որ հաջողվում է սիրած մասնագիտությամբ և սիրած զբաղմունքով օրը լցնել:

– «Հեքիաթֆիլմ» նախագիծը Ձեր տեսանկյունից: Ըստ Ձեզ, ի՞նչ է այն տալիսերեխաներին: 

– «Հեքիաթֆիլմ»  նախագիծը մի քանի առավելություններ ունի: Ի տարբերություն ներկայումս տարածված այլ նախագծերի, այն ուղղված է մեր ամենակարևոր տարիքային խմբին՝ երեխաներին: Նրանք  բավականին հագեցած և միևնույն ժամանակ շատ հակասական ինֆորմացիոն դարում են ապրում: Քանի որ երեխաները դեռ նոր են ձևավորվում, նոր ճանաչում աշխարհը՝ իրենց առաջին տպավորություններից է կախված, թե ինչպիսի հասարակություն մենք կունենանք վաղը : Ցավոք սրտի, մեր ժամանակաշրջանը բարդ է նաև նրանով, որ ապրելով փոփոխությունների ժամանակահատվածում, երբ նախկին հասարակարգից մեզ մոտ ձևավորվում է մի նոր հասարակարգ, նոր արժեքային համակարգ՝ շատ հեշտ է, այս առումով, նույնիսկ հասունացած մարդուն մոլորվելը և իր արժեհամակարգում չկողմնորոշվելը: Առավելևս, նոր սերունդը չափից ավել գայթակղիչ  ինֆորմացիա է ստանում դրսից, այլ արժեհամակարգերից: Այս առումով, «Հեքիաթֆիլմ» նախագծի ամենամեծ առավելությունը նրանում է, որ այն ոչ թե կոչված է ծածկել կամ արգելել մյուս ինֆորմացիոն հեղեղը, այլ այդ ամբողջ ինֆորմացիոն հեղեղում «Հեքիաթֆիլմ»-ը ստեղծում է նաև այլընտրանք՝ հեքիաթի միջոցով, համամարդկային արժեհամակարգի միջոցովև մշակույթի միջոցով միավորում երեխաներին: «Հեքիաթֆիլմ» նախագիծն  ինձ համար հատկապես արժևորվում է նախևառաջ այն հանգամանքով, որ «Հեքիաթֆիլմ» նախագծում երեխաները նաև ստեղծագործող են: Այստեղ երեխաները ինքնաարտահայտվում են, ինքնադրսևորվում: «Հեքիաթֆիլմ»-ը նրանց ոչ թե միայն ուսուցանում է, և երեխաները ոչ թե պասսիվ լսողի կարգավիճակում են, այլ ընդհակառակը՝ շատ ակտիվ են և հենց իրենք են նպաստում հասակակիցների համար նոր հեքիաթ ստեղծելուն: Դա ամենակարևոր բանն է, երբ երեխան  ոչ թե գտնվում է պարզապես պասսիվ դերում, այլ ակտիվ ստեղծագործում է: Դրանով է նախևառաջ արժևորվում ինձ համար «Հեքիաթֆիլմ» նախագիծը: 

– Ինչպիսի՞ն է Ձեր կերպարը «Արժանի լինել» ֆիլմում: Դուք և Ձեր կերպարն ունե՞ք արդյոք նմանություններ: 

– Ընդհանրապես շատ դժվար է ասել՝ ունեմ նմանություն այդ կերպարի հետ, թե ոչ:Յուրաքանչյուր կերպարի վրա աշխատելիս, քեզանից անկախ սկսում ես մտածել իր նման, սկսում ես ինչոր առումով հիմնավորումներ անել: Երբ կերպարը կատարում է որևէ գործողություն, նա իր համար հիմնավորում ունի և այդ հիմնավորումները ինքդ քո ներսում ես փնտրում:Եթե այդ հիմնավորումները չես գտնում քո մեջ, ապա համենայնդեպս, փորձում ես կերպարը վերապրել, հասկանալ և փորձել ինքդ քեզ համար այն դարձնել հնարավորինս իրական:Բոլոր կերպարների հետ էլ՝ լինեն դրանք դրական, թե բացասական,դերասանը իր կամքից անկախ ձուլվում է և ինչ որ ընդհանրություններ ձեռք են բերվում: Դա չի նշանակում, որ դու կյանքում նույնպիսին ես, ինչպիսին որ քո կերպարն է, բայց այն ընթացքում, երբ աշխատում ես այդ կերպարի վրա՝ դու ձգտում ես հնարավորինս ետ կանգնել սեփական «ես»-ից և աշխարհին նայել  այդ մյուս «ես»-ի աչքերով:Այս առումով, ինչ որ ընդհանրություններն իհարկե անխուսափելի են: Այս դեպքում, ի ուրախություն ինձ, հերոսը դրական, արդարամիտ մարդ է, ով ամեն դեպքում փորձում է՝ բոլոր կողմերը ուսումնասիրելով, ճիշտ վճիռ կայացնել և անմեղ մարդկանց առաջին պոռթկումով  պատիժ չսահմանել:Իհարկե, մի քիչ իդեալականացված կերպար է, բայց այնպիսին, ինչպիսին որ մենք գուցե կցանկանայինք տեսնել:Այսպիսի կերպարները ֆիլմերում նույնպես կարևոր են. անկախ նրանից, դա երեխաների,թե ավելի հասուն մարդկանց համար ստեղծվող ֆիլմ է: 

– Ձեր դուստրը՝ Արամիդա Գյուրջյանը, նույնպես նկարահանվել է այս ֆիլմում:Ինչպիսի՞ն է նա տանը և ինչպիսի՞ն նկարահանման հրապարակում: Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ տեսաք նրա դերակատարումն էկրանին: 

– Այդ զգացողություններն իհարկե աննկարագրելի էին: Միշտ, երբ տեսնում ես քո երեխայի ձեռքբերումը, հաջողությունը՝ մանավանդ երբ նա սիրով է դա իրականացրել, ապա ունենում ես աննկարագրելի, բավականին նուրբ երջանկության զգացողություն:Ինձ համարնախագծի կոնկրետ այս ֆիլմընախևառաջ կարևորվում է հենց իմ դստեր փոքր, բայց բավականին հաջողված դերակատարմամբ: Տանը նա մշտապես պրպտող է, նրա մոտ ստեղծագործական աշխարհընկալումըբոլոր մանրուքներում կա.սկսած իր սովորական մանկական խաղերից մինչև իր տարիքի համար ավելի լուրջ գործողություններ անելը: Որքան էլ փորձեմ գնահատական տալ, թե ինչպիսին է իմ դուստրը կյանքում՝ դա միևնույն է կլինի մի փոքր սուբյեկտիվ, որովհետև Արամիդանիմ դուստրն է:Բնականաբար ես, որպես հայր,նայում եմ այդ ամեն ինչին մի փոքր ավելի հուզական, մի քիչ ավելի ոգևորված աչքով:

– Ի՞նչ եք կարծում, Արամիդան կընտրի՞ արդյոքՁեր մասնագիտություններից որևէ մեկը: Մասնագիտական ի՞նչ նախանշաններ եք տեսնում նրա մեջ: 

-Ես աշխատում եմ այդ հարցի վերաբերյալ ընդհանրապես իմ մասնակցությունը հնարավորինս պասսիվացնել: Ինձ համար գերխնդիր է, որ երբ Արամիդան հասնի առավել հասուն տարիքի, նա ընդունակ լինի ընտրություն կատարել: Որովհետև իրականում դա շատ դժվար բան է:Հաճախ մենք արդեն հասուն տարիքում կատարում ենք ընտրություններ, որոնք մինչև վերջ մեր կողմից գիտակցված չեն լինում: Ինձ համար սա ավելի սկզբունքային հարց է, քանիմ մասնագիտությունըընտրել-չընտրելու հարցը: Ավելի կարևոր կլինի, որ իր կողմից լինիընտրություն, ոչ թե ինչ որ տենդենցիայի շարունակություն:

– Արամիդայի մեջ արվեստագետի՞, թե սովորական մարդու հատկանիշներ եք տեսնում: 

-Մշտապես հետաքրքրվածություն, դերասանական ձիրքի որոշակի նախանշաններ ես տեսնում եմ և՛նրա և՛ որդուս մեջ:Երկուսն էլ սիրովինչ որ նոր կերպարներ են իրենց վրա փորձում: Առհասարակ,ես ձգտում եմ, ամեն դեպքում, չառանձնացնել արվեստագետին սովորական մարդուց:«Արվեստագետ» տեսակը նույնպես մարդ է, ուղղակի այդ տեսակի:Նա ոչ ավելի տարօրինակ է, ոչ էլ ավելի ընտրյալ: Ես դեմ եմ այդ տարբերություններին, որովհետև լավ, ճիշտև ընկալող ունկնդիրն ուհանդիսատեսը շատ հաճախ ավելի կարևոր է, քան ճիշտ արվեստագետը: Եթե արվեստագետը շրջապատված չէ ունակ ունկնդիրներով, ապա նրա արժեքը դառնում է շատ հարաբերական և նրա ստեղծածը դառնում անիմաստ: Այդ բնորոշումը շատ հաճախ նպաստում է արվեստագետի ինքնամեկուսացմանը, ինչն իր մեջ այլ վտանգներ ունի: Ես չեմ ընդունում, երբ ստեղծագործողն ասում է. «ես ստեղծագործում եմ հանուն բարձր արվեստի»: Սա ինչ-որ մի վերացական գաղափար է:Դու, բոլոր դեպքերում, քո ասելիքով դիմում ես մարդկանց:Նշանակում է, որ պետք է ճանաչես, գնահատես և սիրես նրանց: Իսկ եթե դու սիրում ես քո ունկնդրին, ուրեմն նա արդեն սովորական մարդ չէ ևդու իր նկատմամբ որևէ առավելություն չունես: Ուղղակի սա պայմանական խաղի կանոն է, որտեղ դու այս կողմում ես, նրանք՝ այն, բայց դուք համագործակցում եք. ունկնդիրը և դերասանը միշտ համագործակցում են: Դրանք իրար հակասող դաշտեր չեն: 

– Երբ Ձեր խաղընկերները երեխաներ են, հե՞շտ Է, թե դժվար: 

– Երևի, բոլոր դեպքերում,տարիքային խումբը այդքան էլ էական չէ, որովհետև այն երեխաները, համենայնդեպս, ովքեր իմ խաղընկերներն են եղել, ի սկզբանե չափազանց լուրջ և սրտանց են մոտեցել ընդհանուր նկարահանման գործընթացին:Ես չէի ասի, որ պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատելը ինչ որ առումով ավելի հեշտ է, քան երեխաների հետ: Ինձ համար շատ հետաքրքիր էր երեխաների հետ աշխատելը, ես զգում էի նրանցից այն անհրաժեշտ էներգետիկ լիցքերը,որոնք պետք է զգաս խաղընկերոջից:Կոնկրետ այս նախագծում, ես չեմ առնչվելհմտությունների պակասի,կամ երեխայի անպատրաստ լինելու խնդիրների հետ: Չեմ կարող ասել հեշտ է, թե դժվար: Ընդհանրապես դերասանի աշխատանքը դժվար է բոլոր առումներով՝ ոչ միայն խաղընկերների, այլ նաև սեփական կերպարի վրա աշխատելու առումով:Համենայնդեպս ինձ համար հետաքրքիր էր: 

– Ձեր ամենասիրելի տեսարանը «Արժանի լինել» ֆիլմում: 

– Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, բայց վերջերս ես շատ հավանում եմ, ամեն դեպքում, երբ ֆիլմը լավ ավարտ է ունենում:Որպես շարքային հանդիսական, կասեմ, որ իհարկե, ինձ համար ամենասիրելի տեսարանը «Արժանի լինել» ֆիլմումայն պահն է, երբ այնուհանդերձամեն ինչ հասկանալի է դառնում և արդարությունը վերականգնվում է: Անկախ այն հանգամանքից՝տվյալ ֆիլմում աշխատել եմ, թե ոչ,ես ձգտում եմ այն դիտել, ոչ թե որպես մասնագետ, այլ որպես հանդիսատես, որպեսզի խորանամ այն պատմության մեջ, որն ինձ պատմվում է:Բնականաբարինձ հուզում է պատմության դրական ավարտը: 

– Հետաքրքիր դեպք հիշու՞մ եք «Արժանի լինել» ֆիլմի նկարահանումներից: 

– Նկարահանման ընթացքը միշտ հետաքրքիր է, իր բոլոր աշխատանքներով: Զավեշտական դեպք կոնկրետ ինձ հետ չկատարվեց, բայց ինձ համար շատ հետաքրքիր և ուսանելի էրդստերս աշխատանքին հետևելը:Ես Արամիդային սկսեցի ճանաչելնոր կողմից:Անկեղծ ասած, ինքս վստահ չէի, որ նրան կհաջողվի ինչ որ տարբերվող, հետաքրքիր կերպար կերտել, բայց դա նրան հաջողվեց: Ֆիլմը իհարկե մեծապես նպաստեց, որ իմ երեխայի ունակությունների առումովնոր բացահայտումանեմ: 

– Քանի որ դուք մասնագիտությամբ նաև հոգեբան եք, խնդրում ենք Ձեզ վերլուծել «Արժանի լինել» ֆիլմը: Ի՞նչ է ուսուցանում այն երեխաներին: 

– Ընդհանրապես որևէ ֆիլմ երբեք ոչինչ չի ուսուցանում:Այլ խնդիր է, թե ֆիլմըինչպիսի շեշտադրումներ է դնում և ինչպիսի հուզական լիցքեր հաղորդում երեխաներին: «Արժանի լինել» ֆիլմում կա ռեժիսորի կողմից շատ հստակ դիրքորոշում, ինչը ֆիլմում անմիջապես երևում է. որ յուրաքանչյուր վատ սովորույթից հնարավոր է ձեռփազատվել ոչ թե մտրակով, ոչ թե ստիպողաբար, այլ խաղային, այլընտրանքային միջոցներով:Ֆիլմի հերոսը՝ երեխան, մեր բոլորի առաջ՝ էկրանից, վերափոխում է իր հասակակիցների աշխարհայացքը, և փորձում է դա անել սիրով, իսկապես կամենալով ինչ որ բանով կիսվել:Այս ֆիլմը դիտելուց հետո, և՛ երեխայի և՛ մեծահասակի մոտ անպայման ցանկություն է առաջանում կիսվել ներսումունեցածդրական հույզերով՝ մերձավորների, ընկերների, կամ նույնիսկ անծանոթ մարդկանց հետ:Մարդուն հաղորդվող այդ լիցքը, այդ մղումը, որ առաջանում է այս ֆիլմը դիտելուց հետո՝ հոգեբանական առումով և ընդհանրապես մարդկային առումով, ես շատ եմ կարևորում:Սա չի կոչվում «ուսուցանել»: Ուսուցանելը միշտ շատ ավելի հոգնեցուցիչ գործընթաց է, որի ժամանակ պասսիվ ունկնդիրը լսում է և հետո հաճախ անում իր ուզածը:«Արժանի լինել» ֆիլմըոչ թե ուսուցանում, այլ հաղորդում է ճիշտ հուզական լիցքեր և ենթագիտակցորեն  նպաստում երեխաների կողմից ճիշտ մղումների՝ իրենց հետագա վարքում: 

– Դուք ստեղծագործում եք, կիթառ նվագում ու նաև երգում, ի՞նչ երկտող կնվիրեք «Հեքիաթֆիլմ»-ին: 

– Ես մի երգ ունեմ, որը կոչվում է «Դիմակներ»: Այս երգը շատ տեղին խոսքերով է սկսվում և այս դեպքում շատ համահունչ է այն գաղափարախոսությանը, որով առաջնորդվում է «Հեքիաթֆիլմ» նախագիծը:

«Այդ ո՞վ որոշեց, որ չկան այլևս փոքրիկ իշխաններ, այդ ո՞վ որոշեց , որ չկա էլ հեքիաթ մեզանում»…

Սա շատ սկզբունքային մարտահրավեր էև այդ մարտահրավերով նաև «Հեքիաթֆիլմ»-ն է դիմում արդի հասարակությանը: Այսինքն այս խիստ կոմերցիոն, խիստ մտածված, խիստ արագընթաց, կիսահամացանցային, չափից ավել պրակտիկ դարում «Հեքիաթֆիլմ» – ը բռնում է բոլորովին այլ կեցվածք և ասում է.« ո՛չ, դարեր շարունակ մարդու տեսակը ձևավորող արժեքներն ու մշակութային ժառանգությունը, որոնք մարդը կուտակել է հրաշքին հավատալու միջոցով, հեքիաթի միջոցով, հեքիաթում կուտակած իմաստության միջոցով, այդ ամենը չի՛ կորցրել իր արդիականությունը և հետաքրքրությունը նաև ժամանակակից աշխարհում»: 

– Որո՞նք եք համարում Ձեր ամենահաջողված ստեղծագործություններն ու աշխատանքները և ինչու: 

– Դա շատ դժվար է սահմանելը: Ես դեմ եմ, երբ այդպիսի սահմանում են դնում՝ շատ պարզ պատճառով. որովհետև անցնում է որոշակիժամանակահատված, դու կուտակում ես ինչ որ նոր կենսափորձ,և երբ վերադառնում ես քո կատարած աշխատանքին՝հասկանում ես, որ երեք տարի առաջ հաջողված աշխատանքդ այսօր դու՝ամեն դեպքում, կանեիր այլ կերպ:Հաջողվածի չափանիշն ինձ մոտ բավականին այլ է, բավականին ուղղորդող է, և հաջողված ստեղծագործությունը գոնե պետք է մի փոքր մոտ կանգնած լինի իմ ունեցած չափորոշիչներին:Իմ գնահատմամբ իմ ստեղծագործությունները դեռ մոտեցված չեն այդ չափորոշիչներին:Ինձ մոտ կա մշտական դժգոհություն սեփական անձից, բայց դա ոչ թե ինչ որ ինքնախարազանման բարդույթ է, այլ  միշտ աճման պրոցեսի մեջ լինելու և փոփոխվելու մղում: «Հեքիաթֆիլմ» -ի հեղինակ և ռեժիսոր Նարինեն նույնպես միշտ փոփոխվում է, իր մեջ ինչ որ նոր երանգներ բացահայտում, որոնք նախկինումչկային: 

– Ինչպիսի՞ դեր եք երազում խաղալ, որ չեք խաղացել մինչ այսօր: 

– Բոլոր դերերն էլ ինձ համար շատ հետաքրքիր են, որովհետև յուրաքանչյուր դեր ներկայացնում է մարդու տեսակ:Այնպիսի մի դեր, որի մասին երազում եմ՝ գոյություն չունի:Յուրաքանչյուր նոր առաջարկություն, որ լինում է՝ ինձ համար միշտ հետաքրքիր է: Երազանք չի կարելի համարել, համենայնդեպս, ես միշտ ցանկացել եմ կերտել իրական ոստիկանի կերպար, որը մի փոքր կփոխիհասարակության մեջ եղած կարծրատիպերը:Ոչ չափից ավել հերոսացված և ոչ էլ չափից ավել բացասական երանգովկներկայացվի մի ռեալ մարդ, որն ի պաշտոնե պարտավոր է լինել մի փոքր ավելի ուժեղ և պաշտպանել մի փոքր ավելի անպաշտպան շերտի:Կցանկանայի ներկայացնել, թե ինչպիսի ճանապարհ է անցնում այդ մարդը տվյալ դիրքը ունենալուց: Սա ոչ թե երազած դեր է, այլ ուղղակի ինձ համար հետաքրքիր մի կերպար, որնիր մեջբացահայտելուշատ ենթաշերտեր ունի, քանզիայդ մարդկանց մոտ շատ նեղ ներքին պայքար է լինում:

– Ովքե՞ր են Ձեր ամենասիրելի արվեստագետները: 

– Իմ սիրելի արվեստագետները շատ շատ են: Դրա համար էլ ես ուղղակի կնշեմ այն արվեստագետներին և մտավորականներին, ովքեր ազդեցություն են ունեցել իմ ձևավորման վրա: Նա իհարկե նախևառաջ Վլադիմիր Վիսոցկին է: Շատ սիրում եմ Ա.Ս.Պուշկինին՝հատկապես նրա հեքիաթների իմաստությունը:Հայ արվեստագետներից ուղղակի պաշտում եմ Հովհաննես Թումանյանին:Չեմ կարող չընդգծել իմ մեծ սերը և համակրանքըՌուբեն Հախվերդյանի ստեղծագործությունների նկատմամբ:Իհարկե իմ սիրած արվեստագետներն ավելի շատ են: Որպես դերասան ես պաշտում եմ Անդրեյ Միռոնովինև գտնում, որ նա մի առանձին մոլորակ է: Պաշտում եմ Չարլի Չապլինի ֆիլմերը. նրա արվեստը մշտապես արդիական է, որը ոչ միայն վայելելու, այլ նաև մշտապես կրթելու անսպառ աղբյուր է հանդիսանում:Իրականում շատ ու շատ այդպիսի արժանավոր անուններ կարող ենք նշել տարբեր ժողովուրդների մշակույթներից:Նրանց մենք պետք է շնորհակալ լինենք, որ եղել են և կան մեր կյանքում:

– Ինչպիսի՞ֆիլմեր եք խորհուրդ տալիս դիտեն, ի՞նչգրքեր կարդան և ի՞նչ երաժշտություն լսեն մեր ընթերցող երեխաները և հատկապես ապագա արվեստագետները: Ի՞նչ կասեք երեխաների շրջանում բացասական կերպարների գրավչության մասին: 

– Մի փոքր կարող է տարօրինակ հնչել, բայց ես բոլոր ֆիլմերն էլ խորհուրդ եմ տալիս դիտել և բոլոր գրքերը կարդալ՝ հատկապես ապագա արվեստագետներին: Դա չի նշանակում, որ բոլոր ֆիլմերն էլ լավն են: Վատ ժանր չկա,ուղղակիամեն տեղ կա լավ ժանրում կատարած վատ աշխատանք: Բայց իմ ասելիքը կայանում է նրանում, որ բոլոր ֆիլմերը պետք է դիտել, համեմատել իրար հետև հասկանալ, թե որն է լավը քեզ համար:Ինչպես որ կյանքում, երբ խնդիրներ ես ունենում՝ հետո քեզ տրված ամեն ինչն ուդրական հույզերդկարողանում ես արժևորել, այնպես էլ՝ եթե դու դիտես անընդհատ միայն լավը, դա քո ներսի աճին չի նպաստի, դրա համար էլ բացասական օրինակին պետք է ծանոթ լինես:Հատկապես ապագա արվեստագետները պետք է ծանոթ լինեն բոլոր տեսակի, արդեն իսկ մարդկանց կողմից ստեղծած, մշակութային ժառանգությանը, որովհետև եթե չճանաչես բոլոր ենթաշերտերը, չես կարողանա կատարել քո ընրությունը:Ինֆորմացիան պետք է հավաքել, կուտակել, հետո արդեն կողմնորոշվել և ձևավորվել: Ես դեմ եմ, երբ ասում են, որ պետք է դիտել միայն դասական կինեմատոգրաֆիա, լսել միայն դասական երաժշտություն… Ոչ՝ լսեք և դիտեք բոլո՛րը,Ձեր ներսում կատարեք վերլուծություն, հետո՝ ընտրություն և ձևավորվեք:

Յուրաքանչյուր ֆիլմ իր մեջ ունի կատարված բավականին ահռելի աշխատանքև որոշակի ինֆորմացիա:Այլ խնդիր էդիտելուց հետո ընտրություն կատարելը. անշուշտ այստեղ ծնողների դերակատարումը պետք է մեծ լինի, որպեսզի երեխան ունակ լինի ստացված ինֆորմացիայից ընտրել և տարրանջատել, թե որն է իրենը:Ես չեմ ասում, թե որն է լավը, որը վատը:Բոլորժանրերը իրականում լավն են: Այլ հարց է, որ մարդը կարողանա բոլոր լավերի միջից ընտրել, թե որն է իրենը և առավել հոգեհարազատը:

Ռոբին Հուդը, թեև ըստ էության հանցագործ է, բայց նա ունի հրաշալի գաղափարախոսություն՝ դա արդարության վերականգնումն է, թույլերին և անպաշտպաններինիր հովանու ներքո վերցնելը:Այստեղ կարևոր չէ կոնկրետ դետալը, կամ կոնկրետ գործողությունը: Շատ կարևոր է ֆիլմի ասելիքը՝ բովանդակությունը, որը չի կարելի մղել ետին պլան: Եթե երեխան հրապուրվում է հանցագործի, կամ այլ բացասական հերոսի կերպարով, շատ կարևոր է, որ նրա համար հասանելի լինի նախևառաջ ֆիլմիբովանդակային, գաղափարական կողմը:Սա իհարկե վերաբերվում էավելի մեծ տարիքային խմբի երեխաներին: Իսկ եթե խոսենք ավելի վաղ տարիքի երեխաների մասին, ապա այստեղ ծնողի դերը կրկնակի մեծանում է, որովհետև յուրաքանչյուր դիտում նոր տպավորություն է, որը երեխան պետք է անպայման կիսի, քննարկի իր մտերիմ մարդու հետ և այդ քննարկման ժամանակ արդեն ծնողի կողմից պետք է դրվեն որոշակի շեշտադրումներ:

Չի կարելի սահմանափակում դնել: Երեխաները պետք է իրենք հասկանան ինչու է սա լավ և ինչու է սա վատ: Բոլոր դեպքերում նա այդ «վատ» կոչվածին պետք է ծանոթ լինի:

Ինչ վերաբերվում է լավ ժանրի վատ մատուցմանը՝ դա գալիս է իմ նշած ինֆորմացիայի պակասից:Երբ մարդը քիչ է կուտակել ու տարբերակել՝իր մեջ քիչ է փնտրում կատարելագործման տարբեր եղանակներ:

Երբ ինֆորմացիոն շերտերը ստեղծագործությունում առկա են, այն դառնում է արժեքավոր: Կարևոր չէ ժանրի առանձնահատկությունը:Օրինակ՝ սիմֆոնիաների ժանրում կան ստեղծագործողներ, ովքեր ամեն ինչ գրել են շատ ճիշտ, կանոններին համապատասխան, բայց ստեղծագործությունը միևնույնն է չի արժևորվում և չի հասնում մարդկանց սրտերին:Ասածներս կհիմնավորեմ իմ սիրած դերասաններից մեկի՝ Վլադ Գալկինի խոսքով: Երբ նրան հարցրեցին. “Вы всё знаете в профессии как надо?”Նա փայլուն պատասխան տվեց, որը հաստատում է իմ քիչ առաջ ասածը: Նա ասաց. “Нет, я не знаю, как надо, но я точно знаю, как не надо”.Որպեսզի կարողանաս այդ պատասխանը տալ, պետք է փայլուն տիրապետես այդ դաշտին:Կատարելագործվելու, աճելու տեղը միշտ կա: Բայց կա նաև սահման,որը չի կարելի խախտել: Դա դու պետք է արդեն բնազդորեն հասկանաս, իսկ դրա համար պետք է ծանոթ լինես այդ սահմանին: 

– Ի՞նչ կմաղթեք աշխարհի բոլոր մանուկներին: 

– Ես չեմ կարծում, որ մեր սերունդը պետք է մաղթի: Մեր սերունդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բոլոր մանուկներն իրենց զգան հնարավորինս երջանիկ և ես էլ իմ չափով փորձում եմ դա անել: Մաղթանքը մի ինչ որ պասսիվ, պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Ես ուժերիս չափով փորձում եմ ինչ որ կերպ իմ լուման ներդնել, որպեսզի նրանց շրջապատող իրականությունը լինի մի փոքր ավելի բարի,ժպիտներով լի… և ես շարունակելու եմ դա անել:

– «Արժանի լինել» ֆիլմի Ձեր բոլոր խաղընկերներըմեր կայքի հարցազրույցներում ուրախությամբ եննշել այն հանգամանքը, որ դուք եղել եք նրանց խաղընկերը: Ձեզ հետ աշխատանքը նրանց համար եղել է և՛ հաճելի, և՛ ուսուցողական: Նրանք խոստովանել են,որ Ձեզ հետ աշխատանքն իրենց համար հանդիսացել է նոր փորձի ձեռքբերման աղբյուր: 

– Շատ պարտավորեցնող է և հուզիչ:Բոլորից անհատապես իմ շնորհակալությունն եմ հայտնում: 

– Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Ձեր կնոջը՝ Նազելի Կարապետյան – Գյուրջյանին նախկինում ստեղծած հրաշալի ”X Rakurs” հաղորդաշարի համար: ”X Rakurs”-ը սիրով հեռուստադիտողներին էր ներկայացնում երիտասարդ ռեժիսորներին ու նրանց դեբյուտային ֆիլմերը «Արմենակոբ» հեռուստատեսությամբ: ”X Rakurs”-ը շատ երիտասարդների է ոգևորել և շարժիչ ուժ հանդիսացել նրանց հետագա գործունեության համար:  Վառ օրինակ է «Հեքիաթֆիլմ» նախագծի հեղինակ և ռեժիսոր Նարինե Մնացականյանը, որն առաջին անգամ իր առաջին ֆիլմով հանդես է եկել հենց ”X Rakurs” հաղորդաշարով:

– Կարծում եմ, որ դա կարևոր և դրական նախագիծ էր:Երբ ”X Rakurs”-ը կար, մենք էլ շատ անփորձ ու ավելի երիտասարդ էինք:Կար ընկերների խումբ. մեզ հետ էին մեր համակուրսեցիներՍամվել և Սերգեյ Դավթյանները:”X Rakurs”-ի ստեղծման գործում մեծ դեր խաղաց նաև պարոն Արմեն Ամիրյանի նախապես տված վստահությունը: Նա մեզ վստահելով թույլ տվեցիրականացնել այդ հաղորդաշարն ումիանգամից մտնել եթեր:Ամենակարևոր նպատակն էր, որպեսզի մեր ասելիք ունեցողհասակակիցներընախ ստանային իրենց ասելիքը առավել հնչեցնելու, բարձրաձայնելու հնարավորություն, ինչպես նաև քաջալերվեին և կողմնորոշվեին հետագայում կյանքի այս դժվար, երբեմն ոչ այնքան հաճելի, բայց կարևոր  ճանապարհն ընտրելու հարցում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այդ ընտրությունը կատարել են և շարունակում են ստեղծագործել:

Ամենավառ օրինակներից մեկը՝Նարինեյի կյանքում ”X Rakurs”-ի կատարած դրական ու էներգետիկ քաջալերումն է եղել,որը կողմնորոշիչ է եղել նրա կյանքի ընտրության համար և Նարինեն շարունակել է ստեղծագործական իր գործունեությունը:Դա բարոյապես մեծ ուժ է տալիս ինձ և Նազելիին, որպեսզի մենք վստահ լինենք, որ արդեն գոնե մեկ բարի գործ հասցրել ենք կատարել : Կարելի է ասել հաղորդաշարն ինչ որ առումով իր գերխնդրին ծառայել է:

«Հեքիաթֆիլմ» 2014թ.