Դերասանի համար կարևոր պայման է ինտելեկտով հարուստ լինելը
– «Հեքիաթֆիլմ» նախագիծը Ձեր տեսանկյունից: Ըստ Ձեզ, ի՞նչ է տալիս այն երեխաներին:
– Նախագծի անունն ինքնին ենթադրում է բարոյախրատական, ուսումնադաստիարակչական դրսևորումներ: Նախագիծը հնարավորություն է տալիս թե երեխաներին, թե մեծահասակներին՝ վերանայել իրենց վարքը, քաղել մարդկային բարձր արժանիքներ, որոնք հետագայում կկիրառվեն ողջ կյանքի ընթացքում: Նարինե Մնացականյանն իր փայլուն նախագծով կոչ է անում. «ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ»: Շնորհակալություն իմ շատ սիրելի Նարինեին՝ մեզ ժպիտներ և անսպառ բարություն պարգևելու համար:
– Հոգեհարազա՞տ է արդյոք Ձեզ մանկապատանեկան ֆիլմերի համար նախատեսվող կերպարների մարմնավորումը:
– Այո, իհարկե հոգեհարազատ է. այդ դերերն իրենցից անկեղծություն են բխում:
– «Թևավոր երազանքը» ֆիլմում դուք խաղացել եք էպիզոդիկ դեր: Ըստ Ձեզ, ի՞նչ նշանակություն ունի դերի չափը դերասանի համար: Դերը ստանալիս նա ի՞նչին պետք է կարևորություն տա:
– Ինչպես ասել է Ստանիսլավսկին. «Չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ»: Դերասանը նախևառաջ պետք է հասկանա իր կերպարը, դերը դարձնի իրենը՝ ամեն գնով, եթե անգամ նրանից շատ հեռու են այդ կերպարին բնորոշ գծերը:
– «Արժանի լինել» ֆիլմում օգտագործվեց Ձեր ռուսերեն լեզվի իմացությունը: Ըստ Ձեզ, ի՞նչ գիտելիքներ և հատկանիշներ պետք է ունենա լավ դերասանը:
– Եթե խոսեմ լավ դերասանի հատկանիշների և գիտելիքների պաշարի մասին, ապա հավաստիացնում եմ, որ մի քանի նախադասությամբ չեմ ավարտի, այդ իսկ պատճառով կբավարարվեմ ասելով, որ դերասանի համար կարևոր պայման է ինտելեկտով հարուստ լինելը: Մեր մեծերից մեկն ասել է, որ «մարդ» կոչման հետ ոչ մի պաշտոն չի կարող համեմատվել: Այսինքն, լավ դերասան լինելուց զատ, նախևառաջ պետք է լավ մարդ լինել:
– Ձեր ամենասիրելի տեսարանը «Արժանի լինել» ֆիլմում:
– Սիրում եմ այն էպիզոդը, որտեղ գիրքն ընկնում է Վիլենի գլխին, և այդ պահից սկսած յուրաքանչյուր տեսարանը, որտեղ Վիլենի գլխում պտտվում է գրքի պատմությունը:
– Ի՞նչ կասեք «Արժանի լինել» ֆիլմի սցենարի վերաբերյալ:
– Ինչպես Նարինե Մնացականյանի յուրաքանչյուր սցենար, այս ֆիլմինն էլ՝ խրատական է, հեքիաթային, ուսուցողական, չնմանվող… մի խոսքով իր մեջ պարունակում է հյութեղություն, որը կլանում է դիտողին:
– Երբ Ձեր խաղընկերները երեխաներ են, հե՞շտ է, թե՞ դժվար:
– Կարևորը հաճելի է, իսկ մնացած բարդությունները հաղթահարելի են:
– Ինչպիսի՞ն է աշխատանքը ռեժիսոր Նարինե Մնացականյանի հետ:
-Շատ անմիջական. չկա լարվածություն, գործում է փոխզիջողականության գործոնը և մեծ է պատասխանատվության զգացումը:
– Ինչպիսի՞ կերպարներ եք սիրում մարմնավորել: Եվ առհասարակ, կա՞ երազած դեր, որ չեք խաղացել մինչ այսօր:
– Սիրում եմ ցանկացած բովանդակալից կերպար, առավել ևս այն կերպարները, որոնք հակասում են իմ բնույթին: Երազում եմ մարմնավորել Պոլ Սալտրի «Դռնփակ» պիեսում՝ Ինեսի կերպարը:
– Ո՞ր ֆիլմերն եք խորհուրդ տալիս դիտեն, ո՞ր գրքերը կարդան և ի՞նչ երաժշտություն լսեն մեր ընթերցող երեխաները և հատկապես ապագա արվեստագետները:
– Ըստ իս, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է գտնի իր սիրելի գրական ժանրը, երաժշտական ոճը… Իսկ ապագա արվեստագետներին խորհուրդ եմ տալիս սկսել արկածային գրականությունից, այնուհետև կարդալ դասական գրականություն:
– Ըստ Ձեզ, կինոարվեստն ի՞նչ դեր ունի երեխաների դաստիարակության մեջ:
– Ֆիլմերի միջոցով երեխաները հնարավորություն են ունենում նայել կյանքին էկրաններից և սովորում են տարբերել լավը վատից:
– Ի՞նչ կմաղթեք աշխարհի բոլոր մանուկներին:
– Աշխարհի բոլոր մանուկներին մաղթում եմ, որ ունենան «Հեքիաթֆիլմ» նախագծի նման հեքիաթային, գունավոր, անկեղծ ու արկածային մանկություն: