Կյանքում ստանում ես այն, ինչ տալիս ես
– «Հեքիաթֆիլմ» նախագիծը Ձեր տեսանկյունից: Ըստ Ձեզ, ի՞նչ է տալիս այն երեխաներին: – «Հեքիաթֆիլմ» նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի երեխաների կյանքում: Ըստ իս, այն զարգացնում է երեխաների աշխարհայացքը, ներքին կուլտուրան, սովորեցնում է երազել և ձգտել լավագույնին: Ուղղորդում է դեպի «նպատակ» ասվածը, ինչը շատ կարևոր է կյանքում ճիշտ կողմնորոշվելու համար: Շատ կարևոր է, որ երեխաները մոտ լինեն մշակույթին. կինոյին, թատրոնին… չէ՞ որ ազգի ինքնությունը պահպանվում է մշակույթի շնորհիվ: – «Արժանի լինել» ֆիլմում դուք կատարում էիք սիրված ուսուցչուհու դեր: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցչուհին և առհասարակ մարդը, որպեսզի սիրված լինի մարդկանց կողմից:
– Ուսուցչուհին առաջին հերթին պետք է լինի լավ հոգեբան, նաև բարի ու դրական աուրայով անձնավորություն և իհարկե լավ մասնագետ: Իսկ առհասարակ սիրված մարդ լինելու համար ավելի շատ բան է պետք: Իհարկե հնարավոր չէ սիրված լինել միառժամանակ բոլորի կողմից: Պետք է լինել անկեղծ և վստահելի մարդ, չպետք է լինել նախանձ ու չարակամ:Միշտ պետք է հիշել, որ կյանքում ստանում ես այն, ինչ տալիս ես: – Երբ խաղընկերներդ երեխաներ են, հե՞շտ Է, թե դժվար: Ինչպիսի՞ն էր աշխատանքը միանգամից մի դասարան երեխաների հետ: – Իհարկե կայացած դերասանների հետ ավելի հեշտ է խաղալը, բայց միևնույն ժամանակ խաղալով մի դասարան երեխաների հետ շատ դրական էմոցիաներ ես ստանում և հոգնածություն համարյա թե չես զգում: – Ի՞նչ կասեք «Արժանի լինել» ֆիլմի սցենարի վերաբերյալ: – «Արժանի լինել» ֆիլմի սցենարը շատ դաստիարակչական է ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար: Ժանրային առումով սցենարը շատ ճկուն էր: Կարծում եմ այն գաղափարը, որը դրվել էր սցենարի մեջ՝ ամբողջովին հասավ հանդիսատեսին: – Ձեր ամենասիրելի տեսարանը «Արժանի լինել» ֆիլմում: – Այս ֆիլմում ինձ համար սիրելի տեսարանները շատ են: Կառանձնացնեմ դրանցից երկուսը՝ գրականության դասի տեսարանը, երբ դասալսողներ էին եկել և այն էպիզոդը, որտեղ գիրքն ընկնում է Վիլենի գլխին: – Ինչպիսի՞ն է աշխատանքը ռեժիսոր Նարինե Մնացականյանի հետ: – Նարինե Մնացականյանի հետ աշխատելը առաջին հերթին շատ հաճելի է և հեշտ, թեև Նարինեն, որպես ռեժիսոր՝ շատ պահանջկոտ է: Իհարկե, այդպիսին լինելը ճիշտ է, եթե ցանկանում ես լավ արդյունքի հասնել: – Ինչպիսի՞ դեր եք երազում խաղալ, որ չեք խաղացել մինչ այսօր: – Միշտ երազել եմ խաղալ ինչ որ խորհրդավոր և բարդ դեր: Հաճույքով կխաղայի միստիկական ֆիլմում: Սիրում եմ հորինված կերպարներ, որոնք իրականում գոյություն չունեն: Գերադասում եմ կերտել բացասական կամ տարօրինակ ու վիճելի կերպարներ: Դասական կերպարներից կխաղայի Կլեոպատրային: – Ըստ Ձեզ, կինոարվեստն ի՞նչ դեր ունի երեխաների դաստիարակության մեջ: – Ընդհանրապես երեխաները ավելի շատ ընդօրինակում են այն, ինչ տեսնում են, քան այն, ինչը նրանց սովորեցնում են կամ բացատրում: Այդ պատճառով կարծում եմ, որ կինոարվեստը շատ մեծ ազդեցություն է թողնում երեխաների դաստիարակության վրա: Նրանք ենթագիտակցորեն փորձում են նմանվել այս կամ այն հերոսին, ինչի համար էլ շատ կարևոր է որ մատուցվեն դրական ազդեցություն թողնող ֆիլմեր: – Ի՞նչ կմաղթեք աշխարհի բոլոր մանուկներին: – Աշխարհի բոլոր մանուկներին մաղթում եմ անհոգ և երջանիկ մանկություն և պայծառ ապագա:
Հարցազրույցը վարեց՝ Գայանե Մնացականյանը |