Նարինե Առաքելյան

Դասական երաժշտությունը այն առեղծվածային աշխարհն է,

որը յուրաքանչյուր մարդ կարող է յուրովի պատկերացնել

         ՆԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

   Ջութակահարուհի
   Նվագել է «Հեքիաթֆիլմ» նախագծի ֆիլմերում.  
   «Թևավոր Երազանքը» ֆիլմում համանուն և
   «Արժանի լինել» ֆիլմում «Անիտա» ստեղծագործությունները   

     Նարինե Առաքելյանը ծնվել է 1986թ. նոյեմբերի 27-ին Երևանում: 1994 – 2001թթ. սովորել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև 2001 – 2004թթ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որից հետո 2004 – 2009թթ. սովորել է և ավարտել Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիան: Ունի մագիստրոսի աստիճան: 2010 – 2011թթ. աշխատել է «Շարական» անսամբլում ( գլխ. ղեկ. Դանիել Երաժիշտ),  իսկ 2011-2012թթ.   Երևանի Պետական Կոնսերվատորիայի Սարյանի անվան օպերային ստուդիայում (գլխ. ղեկ. Հ. Միրզոյան): Նվագել է «Նարեկացի» կամերային նվագախմբում (գլխ. ղեկ. Ա. Թալալյան), 2013 թ  հուլիսին Տիգրանակերտում (ԼՂՀ) մասնակցել է    «Կարինե» օպերետի ներկայացմանը: Նվագել է «Հեքիաթֆիլմ» նախագծի ֆիլմերում.  «Թևավոր Երազանքը» ֆիլմում համանուն և «Արժանի լինել» ֆիլմում «Անիտա» ստեղծագործությունները (հեղ.Ն. Մնացականյան): Քանի որ ունի ձայնային գեղեցիկ տեմբր՝ որպես բեք – վոկալ,  ձայնագրվել է «Հեքիաթֆիլմ» նախագծի մի քանի երգերում: Սիրում է զբաղվել հելունագործությամբ: Սիրում է նաև երգել, դաշնամուր նվագել, ընթերցել և այլն: 

 – Ի՞նչ ոճի երաժշտություն եք սիրում լսել :
 
 – Հաճույքով լսում եմ դասական ստեղծագործություններ: Շատ եմ սիրում Շոպենի ստեղծագործությունները: Ինձ դուր է գալիս նաև ռոք երաժշտությունը: Արտասահմանյան էստրադայից լսում եմ Սելին Դիոնին և Ադելին: Շատ եմ սիրում Անդրեա Բոչելիի կատարումները:
 
 – Ի՞նչ ոճի երաժշտություն եք սիրում նվագել: «Հեքիաթֆիլմ» -ում նվագած ստեղծագործությունները հոգեհարազա՞տ են Ձեզ:
 
 – Հիմնականում դասական, բայց սիրում եմ նաև հայկական ժողովրդական երաժշտություն և շարականներ: Մանուկների համար կատարվող յուրաքանչյուր ստեղծագործություն ինձ հոգեհարազատ է:
 
 – «Հեքիաթֆիլմ» նախագիծը Ձեր տեսանկյունից:
 
 – Մեր հայ իրականության մեջ  Նարինե Մնացականյանի Շնորհիվ  ստեղծվեց մի նախագիծ, որը կկրթի մեր մանուկներին, ցույց կտա ճիշտ ապրելու ուղին: Եվ ոչ միայն փոքրիկներին. Կարծում եմ,որ այս նախագիծը նաև մեծերի համար է: Չէ՞ որ բոլորս էլ կյանքում շատ սխալներ ենք գործում, իսկ «Հեքիաթֆիլմ» – ի շնորհիվ կարելի է մի պահ կանգ  առնել և ուղղել սխալները:
 
 – Երեխաների հետ աշխատանքը հե՞շտ է թե դժվար:
 
 – Կարծում եմ երեխաների հետ հիմնականում դժվար է աշխատելը, բայց կան երեխաներ, որոնց հետ հաճելի է ու հետաքրքիր: Անշուշտ ռեժիսոր Նարինե Մնացականյանի հոգատար վերաբերմունքի շնորհիվ նկարահանումներն ավելի դյուրին են ընթանում: 
 
 – Ի՞նչ զգացողություններ եք ունենում ,երբ նվագում եք մանկապատանեկան ֆիլմի համար:
 
 – Ընդհանրապես յուրաքանչյուր երաժիշտ ապրում է այն ստեղծագործությամբ, որը կատարում է, իսկ նվագել մանկապատանեկան ֆիլմի համար, դա արդեն իսկ մեծ հաճույք է և մեծ պատիվ, որովհետև երեխաները մեր ապագան են:
 
 – Ձեր ամենասիրելի տեսարանը «Արժանի լինել» ֆիլմում:
 
 – Ինձ շատ դուր եկավ դասալսման տեսարանը և հատկապես այն միտքը, որ աշակերտը, կապ չունի՝ ծույլ, թե գերազանցիկ, պետք է գնահատվի ըստ տվյալ պահի պատրաստվածության: Այդկերպ կարելի է ոգևորել աշակերտին:
 
 – Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում «Հեքիաթֆիլմ» նախագծի ֆիլմերի նկարահանումներից:
 
 – «Թևավոր Երազանքը» ֆիլմում իմ տեսարանը նկարահանվում էր փոքր տաղավարում, և բացի այն, որ շատ շոգ էր և որ մեջքիս հրեշտակի թևերով պիտի նվագեի՝  փոքրիկ հրեշտակ – ունկնդիրներս էլ անընդհատ կադրից դուրս էին փախչում:  Դա իմ առաջին նկարահանումն էր ֆիլմի համար: 
 
 – Ի՞նչ կարող են սովորել հայ մանուկները «Արժանի լինել» ֆիլմից և առհասարակ «Հեքիաթֆիլմ» նախագծի ֆիլմերից:
 
 – Այս ֆիլմերից մեր հայ մանուկները կսովորեն բարություն, ընկերասիրություն, հարգանք մեծի նկատմամբ, ձեռք կբերեն ձգտում դեպի ուսումն ու ընթերցանությունը: Նրանք կյանքի շատ կարևոր դասեր կքաղեն «Արժանի լինել» ֆիլմից:
 
 – Ըստ Ձեզ, երաժշտությունն ի՞նչ դեր ունի երեխաների դաստիարակության մեջ:
 
 – Շատ կարևոր, հատկապես դասական երաժշտությունը: Կարծում եմ, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ծնողը:  Ցավոք, դասական երաժշտությունը քիչ ընտանիքներում է գործածվում, որպես կրթության մի մաս:
    Երեխան պետք է այն մանկուց լսի, հասկանա ու սիրի:
    Դասական երաժշտությունը այն առեղծվածային աշխարհն է,որը յուրաքանչյուր մարդ կարող է յուրովի պատկերացնել:
 
 – Դուք, որպես արհեստավարժ ջութակահարուհի, ի՞նչ խորհուրդ կտաք այն երեխաներին, ովքեր պատրաստվում են զբաղվել երաժշտությամբ:
 
 – Շատ լսեն տարբեր պրոֆեսիոնալ երաժիշտների կատարումներ, հաճախեն համերգների և, ամենակարևորը, կրթվեն արհեստավարժ ուսուցիչների ,հետո էլ դասախոսների մոտ:
 
 – Ի՞նչ կմաղթեք աշխարհի բոլոր մանուկներին:
 
 – Առողջություն, երջանիկ մանկություն, ծնողական մեծ սեր և փայլուն ապագա:
                                                                               
                                                                                                     
                                                                                 Հարցազրույցը վարեց՝ Գայանե Մնացականյանը