«Արժանի լինել» ֆիլմի հերոսները

 

Ներկայացնում են «Արժանի լինել» ֆիլմում նկարահանված

երեխաները


Մարի Գևորգյան
«Արժանի լինել» ֆիլմում Մարինկայի դերակատարուհին, կատարել է «Արժանի լինել» ֆիլմի երգը և հանդես եկել համանուն տեսահոլովակով

     «Արժանի լինել» ֆիլմից սովորել եմ այն, որ միշտ պետք է լինել ընկերների կողքին ու օգնել նրանց, որ պետք է լինել բարի և ոչ ոքի վատը չցանկանալ: Այս ֆիլմն ինձ տվել է կյանքում շատ պետք եկող խորհուրդներ: Իմ խաղացած կերպարից սովորել եմ, որ միշտ պետք է օգնել  քույրերին ու եղբայրներին և, որ պետք չէ խաղալ վնաս տվող իրերի հետ: «Արժանի լինել» ֆիլմում նկարահանվելուց հետո ես դարձել եմ ավելի ինքնավստահ, ավելի քիչ ամաչկոտ և սովորել եմ շատ խելացի բաներ: «Արժանի լինել» երգի պատրաստման համար ստուդիայում ձայնագրվելն ու տեսահոլովակում նկարահանվելն ինձ համար շատ հաճելի էին և հետաքրքիր: Ես միշտ ցանկացել եմ նկարահանվել տեսահոլովակում և ֆիլմում: «Հեքիաթֆիլմ» նախագծի շնորհիվ այդ երկու երազանքներս իրականացան: Ինձ ամենաշատը դուր է գալիս ֆիլմի վերջին մասը, քանի որ այդ հատվածում չարը պատժվում է և ես իմ քույրերի ու եղբոր հետ սկսում եմ սովորել և իմանալ շատ հետաքրքիր բաների մասին: 


Ռոզի Բոստանչյան
«Արժանի լինել» ֆիլմում Արփիի դերակատարուհին
    Այս ֆիլմից սովորել եմ լինել անկեղծ և սիրել ընկերներիս, քանի որ նրանք հարազատ են ինձ համար: «Արժանի լինել» ֆիլմն ինձ համար մեծ ձեռքբերում էր և մեծ փորձ: Այս ֆիլմում նկարահանվելուց հետո ինձ մոտ ավելի մեծացավ դերասանուհի դառնալու ցանությունը: Իմ խաղացած կերպարից սովորել եմ անկեղծություն: Ամենաշատը սիրում եմ առաջին տեսարանը, որտեղ օգնում ենք մեր սիրելի ընկերուհուն տան աշխատանքների հարցում:                                                                                                     

 Անի Գևորգյան
«Արժանի լինել» ֆիլմում Անիի դերակատարուհին, պարել է «Արժանի լինել» երգի տեսահոլովակում

        «Արժանի լինել» ֆիլմից հասկացել եմ, որ կյանքում ամեն ինչը չէ, որ ուզածովդ է լինելու: Եվ եթե կյանքը քեզ նվերներ է մատուցում, ապա պետք է շնորհակալ լինես և կիսես ուրախությունդ ընկերներիդ հետ: Ֆիլմը փոխել է իմ հայացքները կյանքի նկատմամբ: Ես սկսել եմ գնահատել ամեն մի մանրուքն իմ կյանքում: Ֆիլմի նկարահանումներից սովորել եմ համարձակ կանգնել տեսախցիկի առաջ և, քանի որ ստիպված էի խոսել բոլորի ներկայությամբ՝ դարձել եմ ավելի ինքնավստահ: Ես միշտ հաճույք եմ ստացել պարելուց և երազել եմ պարել տեսահոլովակում: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա պարել «Արժանի լինել» երգի տեսահոլովակում և որ իմ պարով հանդես եկա մարդկանց համար: Իմ ամենասիրած տեսարանն առաջինն է, որտեղ Նարեի մայրիկի ծննդյան օրվա առիթով անակնկալ ենք պատրաստում:


 Ելենա Անախասյան
«Արժանի լինել» ֆիլմում Մանանի դերակատարուհին
 «Արժանի լինել» ֆիլմից սովորեցի, որ պետք չէ զբաղվել բամբասանքով, և որ պետք չէ ուրախանալ ընկերների անհաջողությունների վրա: Պետք է լինել ընկերասեր: Ֆիլմի պատրաստման ընթացքում ես և եղբայրս՝ Վրեժը, ձեռք բերեցինք լավ ընկերներ և ես մի փոքր էլ ինձ դերասան զգացի: Ֆիլմից հետո ես ինձ ավելի մեծ եմ զգում և փորձում եմ ֆիլմի օրինակով օգնել ու խորհուրդներ տալ իմ ընկերներին: Ֆիլմում սիրում եմ այն տեսարանը, որտեղ մենք հեռախոսով խոսում ենք Վիլենի գժվելու մասին:                       

                                                                                 Վրեժ Քոչարյան «Արժանի լինել» ֆիլմում Էդմոնի դերակատարը

      «Արժանի լինել» ֆիլմից սովորել եմ լինել ընկերասեր, սովորել եմ, որ դժվար պահերին միշտ պետք է լինել ընկերների կողքին: Նկարահանումներից հետո ես շատ շնորհավորանքներ ստացա և հասկացա, որ մենք՝ ընկեր Նարինեի հետ, մեծ աշխատանք ենք կատարել: Այդպիսի աշխատանք կատարելուց հետո դու քեզ զգում ես պիտանի մարդ շրջապատի համար: Հուսով եմ, որ մեր ֆիլմը դիտելուց հետո շատ երեխաներ կաշխատեն իրենց վրա և կզբաղվեն ինքնակրթությամբ ու ինքնադաստիարակմամբ: Շատ եմ սիրում ֆիլմի այն դրվագը, որտեղ գրիչը Տիկին Կարծրունու ձեռքում կոտրվում է:


 Մանե Գաբրիելյան
«Արժանի լինել» ֆիլմում Լիայի դերակատարուհին
   «Արժանի լինել» ֆիլմից սովորել եմ ընկերասիրություն: Ֆիլմն ինձ շատ ընկերներ է տվել: Իմ խաղացած կերպարից սովորել եմ, որ լսածները չպետք է պատմել ուրիշներին: Ֆիլմում ամենից շատը սիրում եմ այն պահը, երբ Վիլենը զանգում և ասում է որ իմացել է որ ես չեմ տարածել այդ լուրերը:           

                                                                         Արթուր Ղազարյան «Արժանի լինել» ֆիլմում Արեգի դերակատարը 

       Ես այս ֆիլմից սովորեցի, որ պետք է լինել ընկերների կողքին լավ ու վատ պահերին, օգնել նրանց խորհուրդներ տալով, թե որն է ճիշտ, որը սխալ: «Արժանի լինել» ֆիլմն ինձ տվել է ուղղություն՝ ավելի բարի, խելացի, ընկերասեր և պատասխանատու դառնալու համար: Ֆիլմն իմ կյանքը փոխել է՝ ես կրկին սկսել եմ զբաղվել սպորտով: Իմ կերպարից սովորել եմ, որ պետք է լինել պատասխանատու և չպետք է ուշանալ հանդիպումներից ու դասերից: Իմ սիրած տեսարանն այն է, որտեղ մենք տղաներով աստիճանների մոտ խոսում ենք իմ ուշանալու մասին:


Մոնիկա Սահակյան
«Արժանի լինել» ֆիլմում Վիկայի դերակատարուհին
     Ֆիլմից սովորել եմ, որ պետք է արժանի լինել կյանքի տված բարիքներին: «Արժանի լինել» ֆիլմն ինձ տվել է վառ, ուրախ ու անկեղծ ժպիտներով լի պահեր: Աննկարագրելի երկար աշխատանքներից հետո, ֆիլմն ինձ մեծ հաճույք պատճառեց: Այս ֆիլմում նկարահանվելուց առաջ ես չէի հասցնում գրքեր կարդալ: Իսկ հիմա, երբ ֆիլմում նկարահանվել եմ, մեջս պարտավորվածություն է առաջացել կարդալ գրքեր՝ անկախ իմ զբաղված լինելուց: Իմ փոքրինչ բացասական կերպարն ինձ սովորեցրեց լինել բարի, ազնիվ, նուրբ թե՛ արտաքնապես և թե՛ ներքուստ: Ֆիլմից ինձ դուր է եկել այն հատվածը, որտեղ գիրքն ընկնում է Վիլենի գլխին: Դրանից էլ սկսվում են նրա արկածները: 

                                                                                 Լիլիթ Մարտիրոսյան
«Արժանի լինել» ֆիլմում Լիլիթի դերակատարուհին 

        «Արժանի լինել» ֆիլմն օգնել է ավելի լավ հասկանալ, որ կյանքում ոչինչ չի տրվում հենց այնպես և որ պետք է արժանի լինենք այն ամենին ինչն ունենք՝ հետագայում դրանք բազմապատկելու համար: Այս ֆիլմից հետո արժևորում եմ այն, ինչ ունեմ: «Արժանի լինել» ֆիլմի շնորհիվ ունեցա շատ ընկերներ, անցկացրեցի հետաքրքիր օրեր, ինչպես նաև տիրապետեցի դերասանական մի շարք հմտությունների: Իմ խաղացած կերպարն ինձ սովորեցրեց լինել ընկերասեր և միասնական: Ֆիլմում իմ ամենասիրած տեսարանն այն է, որտեղ ընկերներով օգնում ենք Նարեին՝ ծննդյան օրվա անակնկալ պատրաստել նրա մայրիկի համար: Այս տեսարանը սիրում եմ, քանի որ այն ուսուցանում է ընկերասիրություն:


Մարիա Քամալյան
«Արժանի լինել» ֆիլմում Նարեի դերակատարուհին
     
                                                                                                                                          Ֆիլմի բովանդակությունից շատ խորհուրդներ ինձ պետք են եկել կյանքում: «Արժանի լինել» ֆիլմը տվել է շատ գիտելիքներ և՛կյանքի, և՛ նկարահանումների հետ կապված: Ֆիլմի ընդհանուր բովանդակությունն ինձ սովորեցրել է գնահատել այն ամենն, ինչ տրվում է մեզ՝ թե լավը և թե վատը… Սովորեցրել է, որ շնորհակալ լինենք կյանքից այն ամենի համար, ինչն ունենք. չէ՞ որ շատերը կարող են միայն երազել այդ ամենն ունենալու մասին: «Արժանի լինել» ֆիլմից հասկացել եմ, որ կյանքում պետք է զգույշ գործել և բոլոր արարքների համար պետք է պատասխանատու լինել: Իսկ այն ամենն, ինչն ինքներս չենք կատարել ու վաստակել, չպետք է պահանջենք մյուսներից: Ամեն ինչին պետք է արժանի լինել: Այս ֆիլմում խաղալուց հետո հասկացել եմ, որ ֆիլմերում նկարահանվելու ցանկություն ունեմ: Առաջին փորձից հասկացել եմ, որ ես կարող եմ: Դրա համար էլ կաշխատեմ ինձ վրա, որպեսզի զարգացնեմ այդ շնորհն իմ մեջ և կարողանամ օգտագործել այն հետագայում: Ամենաշատը սիրում եմ Ռոմեն Ֆոքսի գալու տեսարանը, որտեղ Վիլենն իրեն իսկական տղամարդու պես է պահում: Քանի որ նա ամբողջ ֆիլմի ընթացքում կյանքի համար դաս է քաղում՝ վերջում նա ընկերների հանդեպ իր շնորհակալական քայլն է կատարում: 

Համլետ Ռաթևոսյան
«Արժանի լինել» ֆիլմում Համլետի դերակատարը

     «Արժանի լինել» ֆիլմում նկարահանվելով ես ձեռք բերեցի շատ ընկերներ: Այս ֆիլմի շնորհիվ ես հասկացա, թե ինչ է իսկական ընկերությունը: Բացի այդ, ֆիլմը ոչ միայն լավ, այլ նաև վատ ընկերների մասին է: Կցանկանայի, որ ոչ ոք իր կողքին վատ ընկեր չունենա: Ֆիլմում իմ ամենասիրած տեսարանն այն է, որտեղ Վիլենը հաշտվում է իր ընկերների հետ:

 Արմեն Բալաբանյան                                                                              «Արժանի լինել» ֆիլմում Վիլենի դերակատարը                                                                                                                                                 «Արժանի լինել» ֆիլմից շատ բաներ եմ սովորել, բայց կարևորում եմ այն, որ պետք է լինել նվիրված ընկեր և արժանի այն ամենին, ինչը քեզ տրվում է: Ֆիլմի պատրաստման աշխատանքներն ինձ տվեցին փորձ, լավ ընկերներ և շատ դրական հիշողություններ: «Արժանի լինել» ֆիլմում խաղալուց հետո սկսել եմ էլ ավելի շատ ընթերցել գրքեր և դիտել ավելի շատ ուսուցողական ֆիլմեր: Կերպարս շատ ուսուցողական էր: Կերպարիցս սովորել եմ և կյանքում անում եմ այն, ինչը կերպարումս դրական էր, փորձում եմ զերծ մնալ բացասական արարքներից: Շատ եմ սիրում գրադարանի բոլոր տեսարանները, որովհետև այդ տեսարանների նկարահանումներն անցնում էին անչափ ուրախ և հետաքրքիր:                                                                         

Մարիաննա Հակոբյան
«Արժանի լինել» ֆիլմում Յանայի դերակատարուհին   «Արժանի լինել» ֆիլմից ես սովորել եմ, որ պետք է լինել կիրթ, բարի և պետք է հավատարիմ լինել ընկերներին: Իմ խաղացած կերպարից սովորել եմ լինել ավելի կարգապահ և ուշադիր: Այս ֆիլմի շնորհիվ ես ավելի լավ ծանոթացա կինոաշխարհի հետ: «Արժանի լինել» ֆիլմում նկարահանվելուց հետո, ես ավելի հայտնի դարձա իմ շրջապատում և դարձա ավելի վստահ իմ ուժերին: Ֆիլմում սիրում եմ այն պահը, երբ Վիլենը կարմիր գորգի վրայով քայլում է դեպի լիմուզինը: 

 Ալեքսանդր Հարությունյան
«Արժանի լինել» ֆիլմում Նաիրիի դերակատարը   Իմ կյանքն այս ֆիլմից հետո փոխվել է: «Արժանի լինել» ֆիլմն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի մանրուքը: Ֆիլմն ինձ տվել է նկարահանման հաճելի փորձ և անմոռանալի հիշողություններ: Քանի որ նկարահանվել եմ ինձնից փոքրերի հետ՝ ֆիլմի պատրաստման ընթացքում սովորել եմ շփվել երեխաների հետ և հաճույք ստանալ այդ շփումից: Սիրում եմ այն տեսարանը, որտեղ մենք տասնմեկ ընկերներով նստում ենք ավտոմեքենայի մեջ, իսկ թե ինչու՞ եմ սիրում, որովհետև ղեկին ես եմ: 

Ալինա Ժիլինա
«Արժանի լինել» ֆիլմում Ալինայի դերակատարուհին
      «Արժանի լինել» ֆիլմից սովորել եմ լինել բարի, օգնել ընկերներին: Տեսել եմ և ինձ բացատրել են, թե ինչպես են ֆիլմեր նկարահանում: Այս ֆիլմից հետո ես էլի եմ ուզում նկարահանվել կինոյում: «Արժանի լինել»  ֆիլմից հետո ես ձեռք բերեցի նոր ընկերներ, ծանոթացա շատ աղջիկների ու տղաների հետ: Իմ կերպարից սովորեցի, որ երեխաները պետք է հեքիաթներ լսեն և լինեն բարի, ոչ թե չար: Սիրում եմ այն տեսարանը, որտեղ մենք քնելուց առաջ միշտ լսում ենք հեքիաթներ: 

Ալեսյա Ժիլինա                                                                                    «Արժանի լինել» ֆիլմում Անիտայի և Մոնայի դերակատարուհին          «Արժանի լինել» ֆիլմից  սովորել եմ, որ պետք է կյանքի տված նվերներին արժանի լինել: Ֆիլմի շնորհիվ հասկացել եմ, որ պետք է լինել բարի, ընկերասեր, ազնիվ և որ պետք է փոքրիկներին միշտ ձեռք մեկնել: Ֆիլմից հետո ես դարձել եմ ավելի հասուն: Նախկինում ես ու քույրս ամեն օր վիճում էինք, իսկ հիմա՝ «Արժանի լինել» ֆիլմում իմ խաղացած կերպարի շնորհիվ, մենք այլևս չենք վիճում: Մոնայի կերպարն ինձ սովորեցրել է, որ պետք չէ լինել եսասեր, այլ պետք է հարգել, սիրել ու օգնել փոքրերին ու թույլերին: Ինձ դուր են գալիս Վիլենի պատկերացումների տեսարանները, որտեղ հայտնվում է Անիտան: Այդ տեսարաններում շատ բարություն ու անմեղություն կա:

Նարինե Մկրտչյան

«Արժանի լինել» ֆիլմում Էլիզայի դերակատարուհին

   Ես այս ֆիլմից սովորեցի, որ աշխարհում ամենակարևոր բանն ընկերությունն է և ամեն դժվար պահի պետք է լինել ընկերոջ կողքին: «Արժանի լինել» ֆիլմից հետո ես աշխարհին ուրիշ կերպ նայեցի ու նաև բացահայտեցի մի շարք դերասանական գաղտնիքներ: Ֆիլմն ինձ տվեց շատ դրական լիցքեր: Ճիշտ է, մենք շատ ջանք ներդրեցինք ֆիլմի ստեղծման համար, բայց մեր ջանքերի դիմաց մեզ վերադարձավ գեղեցիկ և ուսուցողական ֆիլմ: Էլիզայի կերպարը շատ լավն է, նա երբեք իր ընկերներին չի դավաճանում: Ես ամենաշատը հավանեցի Վիլենի երազանքի կատարման տեսարանը, որովհետև դրանով հասկացա, թե ինչքան լավ է տեսնել ընկերոջդ ուրախ և որքան լավ է, որ ինքդ էլ ներդրում ես ունենում ընկերոջդ ուրախության մեջ:   


 Արամ Հակոբյան
«Արժանի լինել» ֆիլմում Միկայի դերակատարը                                                                                                                                                                              «Արժանի լինել» ֆիլմից ես սովորել եմ կատարել իմ դերերը: Այս ֆիլմի նկարահանումներն ինձ տվել են շատ ուրախ պահեր: «Արժանի լինել» ֆիլմում նկարահանվելուց հետո ես ունեցա ավելի շատ ընկերներ: Իմ խաղացած կերպարից ես սովորեցի լինել ավելի բարի և ընկերասեր: Այս ֆիլմում իմ ամենասիրած տեսարանն այն է, որտեղ ես ու Մոնիկան՝ ռումբ գցելուց հետո տեսնում ենք, որ աղջիկները մրոտ են: