Կապոերա մարտարվեստի գաղտնիքները

 

«ԿԱՊՈԵՐԱ» ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Աղվան Թևոսյան

Հարցազրույց «Կապոերա Աբադա» մարտարվեստի մասին, այդ ասպարեզում առաջատար նշանակություն ունեցող հայ մարզիչ՝ Աղվան Թևոսյանի հետ:

Շատերը չգիտեն, թե ինչ է Կապոերան և մեր կայքի խմբագրակազմը որոշեց մի ամբողջ էջ տրամադրել հենց այս մարտարվեստի մասին բոլոր մանրամասների բացահայտմանը: Գուցե իմանալով այն, ինչ այսօր մենք Ձեզ կպատմենք՝ Կապոերան դառնա նաև Ձեր նախընտրած մարտարվեստը:

 

– Աղվան, քանի՞ տարի է, որ զբաղվում եք կապոերայով: Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք հենց այս մարտարվեստը:
– Կապոերիայով զբաղվում եմ արդեն 8 տարի: Այն իր մեջ ունի ստեղծագործելու ազատություն, իսկ ես սիրում եմ ստեղծագործել մարմնով: Կապոերան գեղեցիկ մարտարվեստ է և իր մեջ ունի մարդկային բնազդի գրեթե բոլոր պաշտպանությունները: Այն ունի շատ հետաքրքիր փիլիսոփայություն և կյանք կա մեջը, շատ…

– Ինչու՞ է Կապոերան նման պարարվեստի և շփոթություն առաջացնում:
– Կապոերան իրականում մարտարվեստ է, ոչ թե պար, կամ պարաոճ: Մարդիկ շփոթում են այն պարի հետ,  քանզի Կապոերայում ներառված են աֆրոբրազիլական պարային շարժումներ, որոնք էլ հենց շփոթության առիթն են հանդիսանում: Դա դիտավորյալ է արված ի սկզբանե, որպեսզի քողարկվեն բոլոր հարվածները: Թվացյալ պարային շարժման հիմքում ընկած է մահացու հարվածային տեխնիկա, որն էլ իրականացվում է ամբողջ մարմնի ուժով և ռիթմով:

 – Ի՞նչ է Կապոերա Աբադան: Որտեղի՞ց է ծագել անվանումը:
– Կապոերա Աբադան ոճ է, դպրոց, որը հիմնադրվել է 1988թ. Մեստրե Կամիզա Ռոշայի կողմից:  Այն իր մեջ ներառում է Կապոերայի 7-ից ավել խաղաոճեր:  Դրանցից ամենահայտնիներն են “Sao Bento”-ն (որն ուրիշ ոճերում անվանում են “Regional”), “Benguela”-ն, “Angola”-ն, “Iuna”-ն, “Amazonas”-ը, “Maculele”-ն և այլն:

Աբադան, հապավում է “Associação Brasileira de Apoio e Desenvolvimento da Arte-Capoeira” (ABADÁ-Capoeira): Պորտուգալերենից թարգմանած անգլերեն՝ ստացվում է “The Brazilian Association for the Support and Development of the Art of Capoeira”: Հայերենով թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Կապոերայի Արվեստի Զարգացման և Աջակցման Բրազիլական Ասոցիացիա»:
Աբադան ունի իր ուրույն ոճն ու տեխնիկան, որով տարբերվում է Կապոերայի մյուս ոճերից: Ի տարբերություն մյուս ոճերի, այն ունի ավելի բարդ, խորը տեխնիկա, որն էլ շատ դժվար կլինի յուրացնել կարճ ժամանակում: Այն հասկանալու համար երկար ժամանակ է պահանջվում:

– Ո՞րտեղի՞ց է ծագել Կապոերան, ո՞րն է դրա ծագման նախապատմությունը: Ո՞ր երկրից է այն գալիս:
– Կապոերայի ծագման հայրենիքը Բրազիլիան է: Կապոերան ունի շատ հին պատմություն՝ դեռևս սկսած 16-րդ դարից մինչև 19-րդ դար: Այն առաջացել է աֆրոբրազիլացիների՝ հիմնականում ստրուկների կողմից, ովքեր Կապոերան ստեղծել են իրենց ազատագրման համար: Այժմ Կապոերան տարածված է ամբողջ աշխարհով:

– Կապոերան արդյոք կարելի՞ է համարել սպորտաձև: Հե՞շտ է արդյոք, թե՞ դժվար՝ Կապոերայով զբաղվելը:
– Կապոերան մարտարվեստ է, որը կարելի է անվանել նաև սպորտ: Այն առաջին հայացքից դժվար է թվում: Սակայն Կապոերան ունի աստիճանականություն, որը թույլ է տալիս սովորել այն ցանկացած տարիքում: Ինչպես մնացած արևելյան մարտարվեստները (“KUNG-FU”, “USHU”, “WING CHUN”), Կապոերան նույնպես իր մեջ ունի խորը փիլիսոփայություն, պատմություն, որը նախևառաջ պետք է հասկանալ և զգալ: Այն ավելի շատ ապրելակերպ է, ազատություն, խաղաղության ձգտելու զգացողություն, ընկերասիրություն…

-Ինչի՞ շնորհիվ է Կապոերան պահպանվել առ այսօր: Ինչի՞ շնորհիվ է այն միշտ մնում արդիական և երբեք չի կորցնում իրենը՝ բոլոր ժամանակներում:
– Կապոերան, ինչպես արդեն նշեցի, ապրելակերպ է, որը զարգանում է անընդհատ և կանգ չի առնում: Այն տալիս է մարդուն ստեղծագործական ճկուն միտք և միշտ վերելք է ապրում: Կապոերան համարվում է աշխարհի ամենաառողջարար մարտարվեստներից մեկը: Այն մարդու մեջ սերմանում է բարություն, ընկերասիրություն, սովորեցնում է մի մեծ մշակույթ, որում ներառված են երաժշտություն, երգեցողություն, ակրոբատիկա և հարվածներ:

– Ե՞րբվանից է Կապոերան մուտք գործել Հայաստան և ու՞մ շնորհիվ:
– Կապոերան մեր երկրում է 2007 թվականից՝ Կարեն Վարդանյանի շնորհիվ: Հենց նա էլ հանդիսանում է «Հայաստանի Կապոերայի Ֆեդերացիայի» նախագահը, ինչպես նաև «Աբադա» ոճի հիմնադիրը և զարգացնողը՝ Հայաստանում:

Այժմ Կարենը  բնակվում է Ավստրիայում՝ իր կնոջ հետ: Նա պարապում և զարգացնում է Աբադան նաև Ավստրիայում:
Կարեն Վարդանյանը տարին 3-4 անգամ գալիս է Հայաստան և սեմինար – պարապմունքների տեսքով իր նոր ինֆորմացիան փոխանցում մեզ՝ մարզիչներիս, որով էլ մենք վերապատրաստվում ենք և առավել զարգացնում այս կուլտուրան Հայաստանում:

– Կապոերիա սովորելուց առաջ արդեն իսկ պետք է լինել լավ մարզավիճակու՞մ, թե՞ դա սկզբի համար նշանակություն չունի: Ինչպե՞ս է հաղթահարվում վախը, որպեսզի մարզիկն արդեն սկսի առավել բարդ հնարքներ կատարել: Մարզիչի կողմից արդյո՞ք գործի է դրվում Կապոերային հատուկ մոտեցում և հոգեբանություն:
– Ինչպես վերը նշվեց, Կապոերան կրթություն է մարմնի և մտքի, քանզի այն իր մեջ ներառում է տեխնիկական հատուկ հնարքներ, որոնք սովորեցնում են կառավարել մարմինը: Իրականում Կապոերիան առանց տարրական տեխնիկայի չի կարող կատարվել: Կապոերիան այնքան աստիճանականություն ունի, որ ցանկացած մարդ կարող է սովորել, եթե պարապի ճիշտ տեխնիկայով: Մարզավիճակը աստիճանաբար ստեղծվում է պարապմունքների արդյունքում՝ կախված մարզիկի աշխատասիրությունից: Յուրաքանչյուր բարդ հնարք կատարվում է աստիճանական կարգով և այնքան աստիճանաբար, որ դու երբեք չես մտածում, որ այդ շարժումը քեզ տանում է դեպի քո ցանկացած հնարքը: Հնարքները կատարվում են ինքնստինքյան՝ երկար պարապմունքների արդյունքում: Երբ մարմինդ պատրաստ է լինում և միտքը նույնպես՝ դու ուղղակի ինքդ քեզ թողնում ես ազատ, հանգիստ և զգում ես ընդամենը ռիթմը և մնում «խաղի» մեջ՝ կատարելով այնպիսի շարժումներ, որոնք տվյալ պահին պահանջվում են քեզնից:

– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն երեխաներին, ովքեր ցանկանում են մուտք գործել կապոերիայի յուրօրինակ աշխարհ, սովորել այն և նվիրվել այդ արվեստին:
– Կապոերիան խորհուրդ տրվում է բոլորին՝ առանց սահմանափակումների: Ուղղակի պետք է ցանկություն, սեր և հետաքրքրություն, քանզի այն կրթություն է, որն իր մեջ ներառում է մի մեծ բրազիլական մշակույթ:

 

 

25.01.2016