Նարինե Մնացականյան

nor harcazruycis nkar@poqracrac

 

«ՀԱՅԸ» երգը
սրտիցս է բխել

 
 
 
 
ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
     «Հեքիաթֆիլմ» կինոնախագծի հեղինակ և ռեժիսոր՝ Նարինե Մնացականյանը 2015թ մայիս ամսին հանդիսատեսին կներկայացնի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր երգ և տեսահոլովակ՝ «Հայը» վերնագրով: Որպես անմեղ զոհերի հիշատակի հարգանքի դրսևորում՝ Նարինե Մնացականյանը հետաձգել էր 2015թ. ապրիլ ամսվա իր երկու կատակերգական ֆիլմերի նկարահանումները:
   «Հայը» երգի և տեսահոլովակի շուրջ զրուցեցի՝ Նարինե Մնացականյանի հետ: 
 
 

– Ինչպե՞ս է ծնվել «Հայը» երգը:

– Երգն, ի զարմանս ինձ, ստեղծվել է ընդամենը մեկ ժամում: «Հայը» երգը իմ ստեղծագործական կյանքում ամենաարագ ստեղծածս երգն է, թեև ինքս համարում եմ, որ այն առ այսօր իմ ստեղծած երգերից ամենահաջողվածն է: Կարծում եմ, որ այս ամենն ուղակի նրանից է, որ  «Հայը» երգը սրտիցս է բխել:

– Ձեր այս երգում Դուք խոսում եք Հայաստանի, հայոց այբուբենի, հայ քրիստոնյայի, Տիրոջ և խաչի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Մենք հայերս, կանք պահպանվել ու չենք վերացել երեք ամենակարևոր «գանձերի» շնորհիվ. դա մեր հայրենի երկիր Հայաստանն է, դա մեր հայ առաքելական եկեղեցին, մեր Քրիստոնեական կրոնն է և մեր Մաշտոցյան այբուբենը, գիրն ու մեր մայրենի լեզուն է: Մեր նախնիները մեծ դժվարությամբ են պահել ու պահպանել այս ամենը, որ հասցնեն մեզ: Շատերս պահում ու փայփայում ենք մեր այս «գանձերը» բայց…
   Շատ եմ ցավում եմ, որ 1915թ.-ի բազում հայերի արյան գնով պահպանած մտավոր, հոգևոր և նյութական արժեքներն այսօր երբեմն ենթարկվում են փոփոխման, արժեզրկման ու դավաճանության: Մի օրինակ՝ վերջերս մեծ ցավ ապրեցի, երբ իմացա, որ Հայաստանաբնակ մի հայ, որպես իր կրոն՝ Բուդդայականությունն է ընդունել: Վատ վարք դրսևորող մի քանի հայեր, նսեմացնում են մեր բարի, հյուրընկալ ու ջերմ սիրտ ունեցող հայի անունը: Անչափ ցավալի է, որ այս և այլ տեսակի շատ ցավալի կողմեր ունենք այսօր, որոնք ջրի երես դուրս գալու և լուծում ստանալու կարիք ունեն:
    Թող որ «Հայը» երգս աղոթք դառնա ու Աստծո ուժով բժշկի բոլոր հիվանդ հոգիները:

– Որտեղի՞ց է գալիս Ձեր մեծ հայրենասիրությունը և ու՞ր է գնում:

– Իմ հայրենասիրությունը գենետիկ բնույթ ունի: 1915թ.-ին, երբ շատ հայեր էին զոհվում, հենց այդ ժամանակ ծնվել է պապիկս՝ Վազգեն Մնացականյանը: Նա 2-րդ համաշխարհային պատերազմի վետերան է: Ստացել է հայրենական պատերազմի առաջին աստիճանի մեդալ և բազմաթիվ պատվո շքանշաններ: Վիրավորվելուց հետո վերադարձել է տուն, ամուսնացել և ունեցել է 4 որդի: Նրա որդիները ծառայել են Խորհրդային բանակում, իսկ թոռները՝ Անկախ Հայաստանի բանակում: Վազգեն Մնացականյանը՝ պապիկս, մահացել է 1993թ.-ին, երբ ես դպրոցահասակ էի:
    Պապիկս, ծնվելով 1915թ.-ին ակամայից դարձել է հայի վերածննդի ներկայացուցիչներից մեկը: Ես նրա սերունդն եմ, ու պարտքս համարեցի գրել երգ՝ հենց հայի վերածննդի մասին: «Հայը» երգը ներկայացնում է ոչ թե հայի լացն ու վիշտը, այլ հայի վստահությունն ապագայի նկատմամբ: «Հայը» երգը ներկայացնում է հայի վերածնունդն ու աշխարհում նրա հավերժական կյանք ունենալու գաղափարը:

– Նախքան «Հայը» երգը գրելը՝ արդեն ծրագրե՞լ էիք, թե ով է այն երգելու:

– Երբ ես Նարեկին ընտրեցի, որպես նոր ֆիլմիս դերակատար՝ մենք սկսեցինք աշխատել դերի վրա: Մի օր, փորձերի ժամանակ, հանկարծ լսեցի Նարեկի ակապելլա կատարումը: Այդ պահից որոշեցի, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված աշխատանքս հենց Նարեկ Վարդանյանի հետ եմ ստեղծելու:
   Գրելիս առավել ուշադրություն դարձրեցի երգի տեքստին, քանզի ամեն ինչ  չէ, որ կարելի է հնչեցնել երեխայի շուրթերից:
   Երգը գրելիս՝ ամեն ինչ արեցի, որ այս խիստ ցավոտ թեմային ցուցաբերեմ նուրբ մոտեցում և հաշվի առնեմ երգը կատարող՝ 12-ամյա տղայի տարքային հոգեբանությունը:

– Կմեկնաբանե՞ք «Հայը» տեսահոլովակի Ձեր իսկ հեղինակած սցենարը:

– «Հայը» տեսահոլովակի սցենարը նույնպես խիստ մտածված է, քանզի այն պետք է լիներ «Հեքիաթֆիլմ»-ի մյուս բոլոր արտադրանքների նման՝ առանց տարիքային սահմանափակման ու նախևառաջ երեխաներին ներկայացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են «Հեքիաթֆիլմ»-ի նպատակաուղղվածությանը, չեն էլ մտահոգվի, որ իրենց երեխան դիտի «Հայը» տեսահոլովակը:
   Այստեղ անչափ նրբորեն և սիմվոլիկորեն ներկայացված է հայի հավատքով անցած ուղին, նրա ճանապարհին հանդիպած տառապանքն ու ցավը, իսկ վերջում հայի վերածնունդն ու քանակի ավելացումը: 

– Ինչպիսի՞ն էր աշխատանքը պատանի երգիչ Նարեկ Վարդանյանի հետ: Դժվար չէ՞ր արդյոք ընդամենը 12 տարեկան տղայի հետ ստեղծել աշխատանք՝ այսքան ցավոտ ու լուրջ թեմայի շուրջ:

– Նարեկը մեծ հայրենասեր է և դա մեզ շատ օգնեց տեսահոլովակի զգացմունքային մասն ապահովելու համար: Նա քաջ գիտակցում է, թե ինչ է կատարվել 1915 թվականին և շատ է ցավում կատարվածի համար:
   Բացի այդ, Նարեկը շատ ընդունակ է և արագ ընկալում ու ներկայացնում է այն, ինչն իրենից պահանջում ես: Նրա ներսում մեծ արտիստիզմ կա, որը տարեցտարի բացահայտվելու է և ավելի ակնհայտ է դառնալու. ես դա այսօր տեսնում եմ նրա մեջ: 

– Ի՞նչ է Ձեզ համար մուսան:  Բոլոր երգերը գրելիս նույն զգացողություննե՞րն եք ունենում:

– Իհարկե ոչ: Յուրաքանչյուր թեմա իրեն հատուկ ապրումներով է քեզ ողողում: Աննկարագրելի են այն ապրումները, որոնք ունենում ես ստեղծագործելիս: Բոլոր աշխատանքներում էլ ստեղծագործական փորձիդ հետ պիտի քեզ այցելի մուսան: Մուսան, դա թեմայիդ շուրջ պտտվող անկեղծ ապրումներդ են ու սերն է՝ աշխարհում գոյություն ունեցող ամեն մի դրական երևույթի նկատմամբ: Եթե չսիրես աշխարհը, ստեղծագործություններդ կլինեն կամ թախծոտ, կամ չհաջողված: 

– Դուք այն եզակի արվեստագետների թվին եք պատկանում, ովքեր բացի երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը լինելուց , հանդիսանում են նաև տեսահոլովակի ռեժիսորը: Դժվար չէ՞ արդյոք այդ ամենի համատեղումը:

– Անշուշտ չի էլ կարող հեշտ լինել: Բայց, երբ սիրում ես այն ամենն, ինչով զբաղվում ես՝ ամեն դժվարություն հաղթահարելի է դառնում: Թե կինոն, թե երաժշտական արվեստը, թե բոլոր-բոլոր երեխաներին և թե առհասարակ ողջ մարդկությանն ու ամբողջ աշխարհը ես շատ եմ սիրում: Ես ստեղծագործում եմ մարդկանց հետ և մարդկանց համար: Իմ ստեղծագործությունների միջոցով ես հորդորում եմ, որ բոլորն ի վերջո վայր դնեն իրենց զենքերն ու խաղաղ ապրեն մեկ անգամ բաժին հասնող այս հրաշալի կյանքը:
   Ես ասելիք ունեմ մարդկանց, դրա համար էլ պիտի հաղթահարեմ բոլոր խոչընդոտները: Եվ հետո, առանց պայքարի միջով անցնելու՝ լիարժեք չես վայելի հաջողության համը: 

– Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

– Շատ նորմալ: Աշխարհի երեսին քանի մարդ կա, այնքան էլ կա ճաշակ: Եթե մարդը գործից հասկանում է և քեզ ասում է քո թերության մասին, նա միայն օգնում է ավելի մոտենալ կատարելությանը: Ընդունում և հաշվի եմ առնում միայն առողջ քննադատությունը:
    Իսկ երբ կարծիք են հայտնում նրանք, ովքեր լիարժեք ծանոթ չեն ստեղծածիդ, տեսել կամ լսել են մասամբ, չգիտեն թե ինչ նպատակի համար ես աշխատում և որքան դժվարություններ ես հաղթահարել դրան հասնելու համար՝ նրանց խոսքերին երբեք ուշադրություն չեմ դարձնում:

– Ինչ կցանկանայիք, որ հարցնեի Ձեզ՝ որպես վերջին հարց:

– Անշուշտ կցանկանամ խոսել գործընկերներիս մասին: Հպարտ եմ, որ «Հայը» երգը և տեսահոլովակը ստեղծել եմ իրենց գործում բարձրակարգ ու պրոֆեսիոնալ մասնագետների և ինչու ոչ՝ նաև լավ մարդկանց հետ:
   Պատանի երգիչ՝ Նարեկ Վարդանյանի, օպերատոր՝Վանիկ Մարիկյանի, գործիքավորող` Գևորգ Հարությունյանի, կիթառահար`Վիլյամ Հալաջյանի, հնչյունային ռեժիսոր` Սերգեյ Գասպարյանի, պարուսույց`Սեդա Գասպարյանի, դիմահարդար՝ Անահիտ Թորոսյանի և մյուս բոլոր գործընկերներիս հետ աշխատելն ինձ համար անչափ հաճելի էր:
  Որքան էլ շատ փորձ ու լավ մտքեր ունենաս, առանց լավ մարդկանց ու առանց պրոֆեսիոնալ մասնագետների անհնար կլինի կյանքի կոչել ստեղծագործություններդ: Դրա համար էլ գործընկերներիս միշտ հայտնում եմ իմ երախտագիտությունը և բարձր գնահատում նրանց համագործակցությունն ինձ հետ:

 

Գայանե Մ.