Հաջողության հասնելու գաղտնիքները

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

 

 

 

 

 

 

ԷՐԻԿ ՕՀԱՆՅԱՆ  
ԴԵՐԱՍԱՆ, ԹԱՅ – ԲՈՔՍԻՆԳԻ ՄԱՐԶԻՉ  

       Իմ կարծիքով մարդը հասնում է հաջողության այն դեպքում, երբ պահպանում է իր ունեցածը: Գաղտնիքը հենց դրա մեջ է: Հաջողության հասնում են կամքի ուժ ունեցող մարդիկ: Սպորտի ասպարեզում, ըստ իս, հաջողությունների է  հասնում այն մարդը, ով անընդհատ մասնակցում է կատարելագործող սեմինարների, իսկ դերասանի մասնագիտության մեջ նա, ով կարողանում է լիարժեք մատուցել իր դերը:
Հաջողությունը բաժին է հասնում հատկապես նրանց, ովքեր չեն ծխում, կամ ծխել են, բայց հետո կարողացել են դադարեցնել: Ծխելը թմրանյութի նման մի բան է: Իմ բնագավառում չի ընդունվում, եթե ծխելը չես կարողանում թողնել:
Ես գիտեմ, գալու է օրը, որ ծխող մարդուն չեն հարգելու այնպես, ինչպես հիմա չեն հարգում թմրամոլին: Դրա համար շատ գովելի է, որ նոր սերունդը ծխախոտին նայում է, այնպես, ինչպես կեղտի: Իսկ ով ծխում է, բոլորս էլ լավ գիտենք, որ անընդհատ ինքն իր դեմ պայքարում է՝ դադարեցնելու համար: Ծխելը թողնել չկարողացողը անընդհատ պատճառաբանում է, որ երբեմն զայրութը մեղմելու համար է ծխում, կամ էլ լավ ու վատ տրամադրությունն է ծխելու պատճառ հանդիսանում…
Ինքս երիտասարդ տարիքում ծխել եմ, մտածելով, որ դա տղամարդու արարք է, իսկ հետո, երկար տարիներ պայքարել եմ դրա դեմ: Երբ, ի վերջո, ինձ հաջողվեց ծխելուն վերջ դնել, հասկացա, որ կյանքի դժվարություններն ավելի հեշտ ես կարողանում հաղթահարել այն դեպքում, երբ չես ծխում: Չծխելը դառնում է քեզ համար հաջողության հասնելու բանալի:
Բոլորին խորհուրդ եմ տալիս հետևյլը՝ մի՛ ծխեք ու երբեք չեք ունենա դրանից ազատվելու խնդիր:
Մի անգամ ԱՄՆ-ում ընկերներիցս մեկի ծխելը նույնիսկ խանգարեց մեզ կնքել մեծ գումարների հետ կապված բիզնեսի մի շահավետ գործարք: Բիզնեսի քննարկման ժամանակ, մեր ամերիկացի գործընկերը, տեսնելով մեզ հետ մեր ծխող ընկերոջն, ասաց. «Եթե դուք ծխելը թողնելու կամքի ուժ չունեք, ապա ինչպե՞ս եք կարողանալու Ձեզ կառավարել, երբ ունենաք միանգամից 100 000 դոլլար»: Մենք ծիծաղեցինք, իսկ նա շատ լուրջ կրկնեց ու հեռացավ՝ առանց գործարք կնքելու:
Ծխելը իմիջ չէ, դա ուղղակի վատ սովորություն է: Պետք չէ ծխել, դա շատ սխալ է: Իսկ եթե արդեն ծխում ես ու չես կարողանում թողնել, ընդամենը մտածիր, որ եթե ծխեցիր, ուրեմն կդառնաս նաև թմրամոլ… և դու էլ չես ծխի: Դեն նետիր, ու ասա. «ես ավելի ուժեղ եմ, քան դու»:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

 

 

 

 

  ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
   ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ, ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ, ՀԵՌՈՒՍՏԱՌԵԺԻՍՈՐ

    Կյանքում հաջողության հասնելը, կարծում եմ, 50%-ով ճակատագրի ձեռքում է, իսկ մնացած 50%-ը` մեր ձեռքում: Պարզապես պետք է ունենալ մեծ, հզոր կամքի ուժ, անկոտրում բնավորություն, նպատակասլացություն, սեփական հաջողությունները պարբերաբար գերազանցելու ձգտում և, իհարկե, կրթություն, ընթերցանություն, հետաքրքրասիրություն ու հավատ: Սրանք վերաբերվում են անխտիր բոլոր բնագավառներին: Երևի ավելացնեմ նաև հումորի զգացումը, որը կյանքի յուրաքանչյուր դրվագում հասնում է օգնության:
Ծխելու վնասների մասին, իհարկե, մասնագիտորեն չեմ կարող խոսել, բայց թերևս կկրկվնեմ, որ ծխելը միանշանակ վտանգավոր է առողջության համար: Եթե ծխողը ինքն իր մասին չի մտածում, գոնե պետք է մտածի կողակցի, իր հարազատների և, եթե երեխաներ կան, երեխաների առողջության մասին, քանի որ վերջիններս այդ պարագայում հանդիսանում են պասիվ ծխողներ, որը գուցե ավելի վտանգավոր է:
Վստահ կարող եմ ասել, որ որևէ պատանի, երիտասարդ, երբ սկսում է ծխել, փորձում է այդ կերպ իմիջ ձեռք բերել, գուցե նաև ինքնահաստատվել, ինչ-որ տեղ իրեն ավելի մեծ և հասուն զգալ ու ներկայացնել: Հետո արդեն տարեցտարի դառնում է սովորություն, ձեռք է բերում կախվածություն:

—————————————————————————————————————————————————————————————————————————————-

 

 

 

 

 

 

ԱՆԴՐԵՅ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ  
ԿԱՐԱՏԵՅԻ, ԳՈՍՈԿՈՒ ՌՅՈՒ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԱՐԶԻՉ,   
ՄԱՆԿԱՎԱՐԺ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ   

     Կյանքում հաջողության հասնելու համար շատ կարևոր է մարդու դաստիարակությունը: Հաջողության հասնում են աշխատասեր և նպատակասլաց մարդիկ:
Կարատեի և առհասարակ սպորտի բնագավառում հաջողության հասնելու համար պետք է ունենալ մեծ ցանկություն և իհարկե շատ կարևոր է նաև որ սիրես տվյալ մարզաձևը: Պետք է լինել աշխատասեր, ունենալ համբերատարություն, ամուր կամք և լինել նվիրված:
Քանի որ ծխախոտի վնասակար ծուխը անմիջապես ազդում է թոքերի վրա, ապա ծխախոտ օգտագործող սպորտսմենները ունենում են կարճատև հաջողություն, փոքրանում է թոքերի տարողությունը, ինչն էլ խանգարում է նրանց լավ շնչել: Ծխողը խնդիր է ունենում շնչառության հետ, վարժությունների ժամանակ նրան չի բավականեցնում թթվածինը, որն էլ ազդում է ուղեղի և սրտի աշխատանքի վրա:
Ես չեմ ծխում: Ծխախոտ երբեք չեմ օգտագործել: Վաղ տարիքից զբաղվել եմ սպորտով և գիտակցել եմ ծխախոտի վնասակար ազդեցությունը:
Ծխախոտն առաջացնում է բերանի տհաճ հոտ, թուլացնում է ատամնաշարը, առաջացնում է թոքերի քաղցկեղ:
Ծխելով վաղ տարիքում, պատանիները ինքնահաստատվելու փորձ են կատարում, չգիտակցելով, որ հետագայում ունենալու են կախվածություն: Կան մարդիկ, որոնց համար ծխելն իմիջի մի մասնիկ է, հատկապես՝ կանանց:
Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և չեն թունավորում իրենց շրջապատող մարդկանց:

———————————————————————————————————————————————————————————————————————————

 

   

 

 

 

  ՎԱՀԱԳՆ ԴԻԼԲԱՐՅԱՆ
   ՄԱՐԿԵՏՈԼՈԳ
   «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ

    Հաջողության հասնելու համար պետք է ունենալ առողջ ապրելակերպ, աշխատասիրություն, տարբերվել, ներդրում անել գիտելիքների վրա, ունենալ լավ թիմ, անպայման պահն օգտագործել ու լինել շատ համառ:
Բիզնեսի և մարկետինգի բնագավառում հաջողության են հասնում համարձակ ու հոտառություն ունեցող մարդիկ, այսինքն մենք պետք է անընդհատ ինչ-որ նոր բան փորձենք մեր ապրանքների, կամ ծառայությունների վաճառքն ավելացնելու համար: Իսկ եթե նոր բան չենք փորձում, կամ եղածը կատարելագործում, ապա միգուցե մրցակիցներն առաջ անցնեն մեզնից, ուստի մենք անընդհատ պետք է առաջ շարժվենք:
Մեր բնագավառում ես գիտեմ բավականին շատ ծխողներ, ովքեր վերջում դարձել են հենց դրա զոհը, օրինակ՝ Ֆիլիպ Մորիսը, Marlboro-ի գովազդում նկարահանվող բոլոր տղամարդիկ, Ռոբերտո Գոիզուետան (Coca-Cola-ի ղեկավար) , ովքեր մահացել են թոքերի քաղցկեղից, այնպես որ խորհուրդ եմ տալիս հեռու մնալ այդ վտանգավոր ու ծախսատար սովորությունից:
Ես չեմ ծխում, երբեք չեմ ծխել, չեմ էլ ծխի, քանի որ իմ առողջությունն ամենակարևորն է ինձ համար, էլ չնշեմ շրջապատիս առողջությանը վնասելը: Ինքս զբաղվել եմ սպորտով, ժամանակի սղության պատճառով այս պահին չեմ զբաղվում, սակայն գերադասում եմ առողջ ապրելակերպը:
Ինձ համար իմիջը լրիվ երկրորդական բնույթ է կրում ու հաստատ իմիջի համար չեմ ծխի: Սա ուղղակի միգուցե ինքնաարտահայտման մի ձև է, որը նախընտրում են մարդիկ: Ես չեմ ընդունում հանուն իմիջի ծխախոտ օգտագործելը, սակայն նշեմ, որ բիզնեսում բազմաթիվ չծխող վաճառքի մասնագետներ հատուկ թանկ ծխախոտ էին իրենց մոտ պահում միայն հանդիպումների ժամանակ հյուրասիրելու համար:

——————————————————————————————————————————————————————————————————————————————

 

 

 

 

 

ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ  
ԵՐԳՉՈՒՀԻ   
(Ջազ, Փոփ, Հաուս…)    

       Հաջողության հասնում են աշխատասեր ու նպատակասլաց մարդիկ, ովքեր չեն հիասթափվում անհաջողություններից, այլ համառորեն շարունակում են պայքարել ու առաջ գնալ: Երաժշտության բնագավառում տաղանդն է կարևոր, բայց տաղանդն առանց աշխատասիրության՝ շատ քիչ է: Իմ կարծիքով ծխելը, կամ չծխելը հաջողության հետ կապ չունի, բայց առողջության հետ՝ ունի: Ես ճանաչում եմ շատ ծխող մարդկանց, ովքեր ծխելու պատճառով առողջական խնդիրներ ունեն՝ թոքերի քաղցկեղ, կամ այլ հիվանդություններ: Բայց ամենավատն այն է, որ շատերը շարունակում են ծխել, նույնիսկ բուժվելուց հետո: Ի՜նչ արած, ցավալի փաստ է…
Եթե մարդ կա, որ ծխում է իմիջի համար, ինչ ասեմ, ուրեմն նրան օգնություն է հարկավոր: Իսկ մարդկանց հանդեպ իմ հարգանքը պայմանավորված չէ ծխել, կամ չծխելով: Ես հարգում եմ նրանց՝ իրենց մարդկային տեսակի, աշխատանքի և մի շարք լավ գծերի համար: Եթե նրանք նաև չեն ծխում, ավելի լավ:
Ես երբեք չեմ ծխել և ցանկություն չի էլ եղել:
Ծխողին վնասելուց բացի, ծխելը վնասում է նաև շրջապատող այն մարդկանց, ովքեր շնչում են այդ ծուխը: Ցավոք Հայաստանում փակ հաստատություններում ծխելն արգելելու օրենքը  դեռ չկա: Նույնիսկ ընտանիքներում ծնողները ծխում են փոքր երեխաների մոտ: Սրա համար օրենք պետք չէ՝ ամեն մարդ ինքը պետք է հասկանա:

—————————————————————————————————————————————————————————————————————————————

   

 

 

 

 

 

  ԱՂՎԱՆ ԹԵՎՈՍՅԱՆ
   ԿԱՊՈԵՐԱ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԻՉ,
   ԲՐԵՅՔ ԴԱՆՍ ՊԱՐԱՅԻՆ ՈՃԻ ՊԱՐՈՒՍՈՒՅՑ, ՊԱՐՈՂ

   Կյանքում մեծ հաջողությունների են հասնում՝ համբերատար, բնավորությամբ համառ, ձգտող, լսող, անընդհատ աշակերտի կարգավիճակում գտնվող, չկոտրվող և իհարկե աշխատասեր մարդիկ:
Կապոերա մարտարվեստում հաջողության հասնելու գաղտնիքը նախևառաջ լավ պատկերացում ունենալն է: Անշուշտ կարևոր է նաև Կապոերայի փիլիսոփայությունը հասկանալը, դրա ծագման արմատներն իմանալն ու դրանով ապրել կարողանալը:
Իմ ասպարեզում ծխող մարդկանց մոտ միանշանակ նկատվում է շնչառական համակարգի, դիմադրողականության անկում, շուտ հոգնելու հատկություն: Չծխող մարդը ավելի երկար է կարողանում ելույթ ունենալ, ավելի ուշ է հոգնում և չի ունենում սիրտ – անոթային համակարգի հետ կապված խնդիրներ հետագայում:
Ես երբեք չեմ ծխել և երբևէ չի էլ եղել ցանկություն: Նախևառաջ, եթե չեմ սխալվում դա վնասակար է առողջությանը: Եվ երկրորդ՝ ծխելը հանդիսանում է սպորտի հակառակորդը: Ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր ծխում են և միառժամանակ զբաղվում պրոֆեսիոնալ սպորտով, նրանք ուղղակի վատնում են իրենց կյանքը՝ խաթարելով սեփական առողջությունը: Ինչպես նշեցի սիրտ – անոթային, շնչառական համակարգերին, անմիջապես թոքերին… կարելի է ասել, որ այն վնասում է մարդու ամբողջ ներքին օրգան համակարգին:
Ցավոք Հայաստանում մարդիկ ծխելն իրենց իմիջի մի մասն են դարձրել: Ես ծխողին և շծխողին նույն չափով եմ հարգում, քանի որ ծխողը վնասում է նախևառաջ ինքն իրեն, հետո նոր ինչ որ չափով նաև շրջապատի մարդկանց:
Ես ուղղակի ցավում եմ իմ մտերիմ և հարազատ մարդկանց համար, ովքեր ծխում են:

———————————————————————————————————————————————————————————————————————————–

 

 

 

 

ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  
ՊԱՐՈՂ, ՊԱՐՈՒՍՈՒՅՑ   
(հայկական ժողովրդական և տարբեր ազգերի պարեր)   

     Հաջողության հասնում են մեծ կամքի ուժ, աշխատասիրություն և նպատակասլացություն ունեցող մարդիկ, նրանք, ովքեր իրենց նպատակին ձգտում են ամբողջ սրտով: Հաջողության հասնելու գաղտնիքները տարբեր բնագավառներում տարբեր են, բայց կա ընդհանուր մի կարևոր հատկանիշ, դա՝ համառությունն է: Պարի ասպարեզում հաջողություն են ունենում այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով սիրում են իրենց աշխատանքը, պատրաստ են բազմաթիվ փորձությունների միջով անցնել, ինչու չէ վստահ լինել սեփական ուժերին և կարողանալ ընդունել տեղին արված քննադատությունները: Պարարվեստում չծխող մարդիկ ավելի դիմացկուն են, ավելի մեծ հաջողություններ են ունենում: Ծխող մարդիկ ունեն խնդիրներ շնչառության հետ: Բոլորիս հայտնի է թե պարը ինչ մեծ էներգիա և ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում: Պետք է ի վիճակի լինես դիմանալու անթիվ ու անդադար փորձերին, թռիչքներին, իրար հաջորդող պարային համարներին: Ինքս չեմ ծխում և չեմ էլ ափսոսում, քանի որ իմ պարային փորձերը երբեք չեն տուժել ծխելու պատճառով, ես ծանրաբեռնվածությունից չեմ ճնշվում: Ծխելը սարսափելի վնասներ է հասցնում մարդուն: Ծխելն այնքան չի նյարդայնացնում ծխողին, որքան նրա առջև կանգնած մարդուն: Եվ ըստ իս, այն առողջության և գումարի անիմաստ վատնում է: Իմ կարծիքով, ծխելը կնոջը չի դարձնում ավելի ժամանակակից և ոչ էլ տղամարդուն՝ ավելի առնական: Ծխող մայրերի մասին խոսել անգամ չեմ ուզում, էլ չանդրադառնամ մեր ազգային մենտալիտետին: Ամեն դեպքում հարգում եմ մարդկանց, ովքեր իրենց մեջ կամքի ուժ են գտնում չծխելու:

————————————————————————————————————————————————————————————————————————————————–

   

 

 

 

  ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
   ԲԱԼԵՏԻ ՊԱՐՈՒՀԻ, ՊԱՐՈՒՍՈԻՅՑ
   (Դասական, ժամանակակից, հայկական պարեր)

   Մարդիկ տարբեր սկզբունքներ ունեն և կյանքում ընտրում են տարբեր ճանապարհներ: Սովորաբար հաջողության հասնում են տարբեր կերպ: Իմ կարծիքով մեծամասնությունը հաջողության հասնում է իր աշխատասիրության և ձգտման շնորհիվ: Հաջողության հասնելու գաղտնիքներն են աշխատասիրությունն ու նպատակասլացությունը:
Ցանկացած բնագավառում էլ անհրաժեշտ է աշխատասիրություն և չհուսահատվելու կարողություն: Բալետի և առհասարակ պարի բնագավառում առավել անհրաժեշտ է լինել աշխատասեր, ունենալ կատարելության հասնելու ձգտում, երբեք չհուսահատվել և միշտ գնալ առաջ:
Ոչ ոքի համար նորություն չէ, որ ծխելը վնասակար է առողջությանը: Անկախ մասնագիտությունից, պետք առողջ դատենք և թույլ չտանք, որ ծխախոտի նկատմամբ կախվածությունը դառնա մեր կյանքի շարժիչ ուժը:
Ես երբեք չեմ ծխել և չեմ ծխում: Բնականաբար երբեք ցանկություն էլ չեմ ունեցել փորձել:
Ինձ համար ծխելը մեղք չէ, սակայն ես չեմ կարողանում հարգել այն կանանց, ովքեր ծխում են: Իսկ ինչ վերաբերվում է տղամարդկանց, հարգանքս նրանց նկատմամբ ծխելով չի որոշվում: Ուղղակի ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը գիտակցի, թե ծխելն ինչ մեծ վնաս է հասցնում առողջությանը և կարողանա կառավարել իր սովորությունները:

——————————————————————————————————————————————————————————————————————————

 

 

 

 

 

 

 

ԱՇԽԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  
ՀԻՓ-ՀՈՓ ՈՃԻ ՊԱՐՈՂ, ՊԱՐՈՒՍՈՒՅՑ    

     Ծնողներս դեմ էին իմ ընտրած, մասնագիտությանը, քանի որ ընտրել էի մի պարաոճ, որը խորթ էր և անհասկանալի նրանց համար: Նրանք չէին ցանկանում, որ ես դառնամ պարուհի, պարուսույց-մանկավարժ, սակայն իմ համառության, մեծ ցանկության և Hip-hop մշակույթի նկատմամբ իմ ունեցած հետաքրքրության շնորհիվ կարողացա ծնողներիս բացատրել և ապացուցել հակառակը: Այս մշակույթը զարգացող մշակույթ է, և օր օրի ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում այս պարաոճով: Ինձ համար հաջողության հասնելու կարևորագույն պայմաններն են լինել լավատես և բոլորի նկատմամբ դրական տրամադրված, լինել վճռական, նպատակասլաց և փորձել չթերանալ կատարած աշխատանքում և, որքան հնարավոր է, կյանքում շատ բան սովորել, չդոփել տեղում ու միշտ առաջ գնալ:
Չնայած նրան, որ Hip-hop-ը երտասարդ պարաոճ է, այնուամենայնիվ, նրանով զբաղվելու համար հարկավոր է ունենալ համապատասխան տեխնիկա, քանի որ շարժումները կարող են լինել ինչպես փափուկ, թեթև և սահուն, այնպես էլ արագ, կտրուկ և չոր: Համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար անհրաժեշտ է շատ աշխատել և պարապել: Այս բնագավառում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր ունեն իրենց առջև դրված նպատակ, պատրաստ են ամեն օր ավելի շատ սովորել և կիսվել իմացածով ուրիշների հետ: Ինչպես նաև նրանք, ովքեր պատասխանատու են, սկսած գործը հասցնում են ավարտին, և ովքեր չեն թերագնահատում իրենց և իրենց դիմաց կանգնած անձնավորությանը:
Պարարվեստի բնագավառում յուրաքանչյուր պարողի համար շատ կերևոր է շնչելու ճիշտ կառավարումը, իսկ ինչպես գիտենք ծխելը դժվարեցնում է շնչելու գործընթացը: Սակայն այն, ինչ վերաբերվում է մեծ հաջողութունների հասնելու համեմատությանը ծխող և չծխող մարդկանց միջև, կարծում եմ, որ դա կախված է անձի բնավորության գծերի հետ: Եվ միշտ հաջողության է հասնում այն անձը ով նպատակ է դնում իր առջև, ցանկանում և համառորեն անում ամեն ինչ դրան հասնելու համար:
Ես չեմ ծխում և երբևիցե չեմ փորձել: Պատճառն այն է, որ երբ սկսում ես ուսումնասիրել, կարդալ տարբեր գրքեր կամ նյութեր ծխելու վնասակարության մասին, փորձում ես զերծ մնալ այդ վատ սովորությունից: Այն ունի բազմաթիվ վնասակար հատկություններ: Ծխախոտի մեջ առկա է նիկոտինի պարունակություն, որն էլ մարդու մոտ առաջացնում է կախվածություն: Ծխախոտը կարող է առաջացնել բերանի, կոկորդի և, իհարկե, թոքերի քաղցկեղ: Եվ ինչպես արդեն նշեցի, այն նաև կարող է դժվարեցնել շնչելու գործընթացը: Եվ, ցավոք, ծխախոտի օգտագործման ցուցանիշը Հայաստանում բավականին բարձր է, եթե համեմատում ենք հարևան երկրների հետ: Պարզապես խորհուրդ կտամ չծխել, և  չվտանգել ձեր և ձեր հարազատների առողջությունը:
Չեմ կարծում, որ ծխելը դա իմիջի մի մասնիկ է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ծխախոտը առաջացնում է կախվածություն, այսինքն մարդու համար ծխելը դառնում է պահանջի բավարարում և նյարդերը հանգստացնելու միջոց:
Յուրաքանչյուր անհատ ինքն է իր կյանքում որոշումներ կայացնում, և ես իրավունք չեմ վերապահում ինձ  քննադատելու կամ արդարացնելու նրանց արարքները:

—————————————————————————————————————————————————————————————————————————————–

   

 

 

 

   ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
   ԴԱՍԱԿԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՃԵՐԻ ՊԱՐՈՂ
   (Զբաղվում է նաև լողով, օդապարիկային սպորտով և հրաձգությամբ)

   Առհասարակ մարդիկ կյանքում հաջողության հասնում են յուրովի: Իմ կարծիքով մեծ մասամբ հաջողության հասնում են ուժեղ մարդիկ: Խոսքս ֆիզիկական ուժի մասին չէ, այլ ուժեղ կամքի դրսևորման: Մեծ կամքը մարդուն հասցնում է իր երազանքների ու ցանկությունների, նպատակների ու հաջողությունների իրագործման նպատակակետին: Ուժեղ կամք, չվհատվելու և անընդհատ առաջ նայելու կարողություն. ահա այն ամենը, ինչն անհրաժեշտ է կյանքում հաջողության հասնելու համար:
Ցանկացած բնագավառում էլ  հաջողության հասնում են նրանք, ովքեր շատ են աշխատում և ունեն համապատասխան տվյալներ: Չկան մեծ գործեր՝ առանց չարչարանքների: Պարի բնագավառում առավել ևս պետք է ունենալ մեծ աշխատասիրություն, սեր մասնագիտության նկատմամբ և լավագույնին հասնելու ձգտում: Յուրաքանչյուր ոք պետք է ձգտի իր մեջ բացահայտել այն մարդուն, որն անհատ է և ունի եզակի առաքելությունն այս երկրի վրա:
Ծխելը այն երևույթներից է, որոնք արմատներ են գցում հասարակության լայն շերտերում: Պարի ասպարեզում շատ կարևոր է ունենալ առողջ և կոփված մարմին, որի նախապայմաններից մեկը չծխելն է:
Ես ինքս չեմ ծխում ու երբևէ չեմ ծխել, քանզի գիտակցում եմ, որ այն վնասակար ազդեցություն կթողնի իմ առողջության վրա: Իսկ այն, ինչը կապված է իմ առողջության և մասնագիտության հետ, ես լուրջ եմ վերաբերվում: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և չեմ ցանկանում թերանալ որևէ հարցում:

———————————————————————————————————————————————————————————————————————————————-

 

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ   
ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ, ԴԱՇՆԱԿԱՀԱՐ     
(Նաև ապագա գործիքավորող)     

     Իմ կարծիքով, կյանքում հաջողության հասնելու համար պետք է ձգտել դրան ու գտնել այն: Ըստ իս, մեր բնագավառում հաջողության գրավականը հանդիսատեսի սերն է: Երգիչը, կամ երաժիշտը պետք է երբեք ոչնչից չհասթափվի ու միշտ աշխատի իր սխալների վրա:
Ես կարծում եմ, որ ծխելը, դա շատ վատ սովորույթ է: Ծխող մարդը ոչ միայն իրեն է վնասում, այլ նաև շրջապատող միջավայրն է տուժում դրանից: Առավել ևս անընդունելի է երգչի ծխելը, քանի որ, ծխելով, վնասում են թոքերը, իսկ դրանից կտուժի երգեցողությունը:
Ես, բնականաբար, չեմ ծխում ու կարծում եմ, որ դպրոցում պետք է հատկացնել դասաժամ ու ներկայացնել տեղեկություններ՝ ծխախոտի վնասակար ազդեցության մասին:
Ծխելը չի կարող իմիջ համարվել: Ծխող մարդու նկատմամբ իմ վերաբերմունքը չի փոխվում, քանի որ տվյալ մարդը ինքն իրեն է վնասում:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

 

 

 

 

  ԼԻԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
   ԵՐԳԱՀԱՆ, ԵՐԱԺԻՇՏ, ՎՈԿԱԼԻՍՏ
   («Ապրել  խաղաղ» նախագծի հեղինակ)  
   Հաջողությունը յուրաքանչյուրին է այցելում , ուղղակի երբեք չպետք է բաց թողնել հնարավորությունը, պետք է աշխատել, ձգտել և հավատալ   այն ամենին ինչ անում ես: Իրականում հաջողության հասնում են համառ մարդիկ, որոնք երբեք չեն վախենում դժվարություններից:
Երգարվեստում, երբ  ստեղծագործում ես, կամ երգում, աշխատասիրությունը և համառությունը պետք է լինի չափից շատ, որովհետև ամեն քայլափոխին հանդիպում ես մարդկանց, որոնք և՛ լավն են ցանկանում և՛, իհարկե, հակառակ պատկերն էլ է միշտ լինում: Բոլորն էլ իրականում խոսում են և կարծիքներ հայտնում: Պետք չէ ընդունել բոլորի ասածը, ուղղակի կարելի է լսել ու ստեղծել կարծիք, որը հետագա գործունեության մեջ շատ պետք կլինի:
Այն մարդկանց համար, ովքեր երգում են, ծխախոտը համարվում է առաջին թշնամիներից մեկը: Ես կարծում եմ, որ ծխախոտը երբեք չի կարող դեր խաղալ հաջողության հարցում ,ամեն ինչ կախված է մարդուց և, թե ինչպես է նա վերաբերվում հարցի լուծմանը: Ծխախոտը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել եվ ձայնը բացասական փոփոխության ենթարկել:
Ես երբեք չեմ ծխել և, ասեմ ավելին, տանել չեմ կարողանում ծխախոտի հոտը: Ինձ համար տարբերություն չկա տղամարդ է ծխում թե կին. ես միշտ հակակրանք եմ տածում ու երբեք չեմ հասկանում այն տեսակի մարդկանց, ովքեր խնդիրներին լուծում են տալիս ծխախոտի միջոցով, կամ, ավելի վատ, երբ ցանկանում են տպավորություն թողնել: Այսօր ոչնչով չես կարող մարդկանց զարմացնել, իհարկե բացի քո մարդկային տեսակից և մարդկային արժեքներից:
Ես երբեք ծխախոտով մարդու մասին կարծիք չեմ կազմում: Ամեն անգամ ուղղակի ցավում եմ ,որ փչացնում են իրենց սեփական առողջությունը, իսկ այսօր առողջությունը ամենաթանկն է, որը մարդը ձեռք է բերում: Ես իմ շրջապատում աշխատում եմ համոզել ու հետ պահել մարդկանց ծխախոտից: Շատ դեպքերում ինձ մոտ դա ստացվում է, այնպես որ, ես միշտ դեմ եմ այն օգտագործելուն:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ   
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂ     

     Կյանքում հաջողության հասնելու համար ընդամենը պետք է կյանքը չբարդացնել: Կյանքը ինքնին բարդ է, բայց այդ  նույն բարդության մեջ ունի շատ պարզ մեխանիզմներ: Յուրաքանչյուր ոք ունի հաջողության հասնելու իր բանաձևը: Իմ պարագայում, այդ գաղտնիքը՝ ցանկացած խելամիտ նպատակի հետամուտ և ազնվորեն  ծառայելն է: Կիսատ թողած գործերն ու նպատակները չեն կարող բերել որևէ հաջողության:
Կյանքի հաջողության գրավականը ինքնաճանաչման և նպատակասլացության մեջ  է:
Լրագրողական ասպարեզում հաջողության հասնելու նախապայմաններն են՝ մասնագիտական խորը գիտելիքների հետ զուգահեռ, ընդհանուր զարգացվածությունը, բարեխիղճ աշխատանքը, ստեղծագործական և վերլուծական միտքը, պարտաճանաչությունը և իհարկե սեփական «ձեռագիրը»:
Սովորաբար, ծխող մարդիկ շատ ավելի նյարդային են լինում և, վաղ թե ուշ, ունենում են առողջական խնդիրներ:
Ինչպես բոլոր բնագավառներում, այս բնագավառում ևս, կան ծխող և չծխող մարդիկ, պարզապես լրագրողի մասնագիտությունը ստիպում է ծխող մարդուն լինել սահմանափակման մեջ՝ հնարավորություն տալով նրան ազատվել այդ վատ սովորությունից: Օրինակ՝ եթե դու եթերում ես,  կամ պարզապես հարցազրույց ես իրականացնում՝ ծխել չես կարող:
Ինքս չեմ ծխում,  չեմ ծխել և չեմ ընդունում այն. առողջությունը թանկ արժե:
Երբեմն, ծխողների (կին/տղամարդ) որոշ խմբի համար, ծխախոտը հանդես է գալիս սեփական  կերպարի ամբողջականությունը լրացնող ինչ-որ ատրիբուտ:  Սակայն ծխախոտը չէ, որ պետք է իմիջ ձևավորի: Ես հարգում եմ յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրանից ծխում է, թե` ոչ, պարզապես տարածված կարծիք կա, որ չծխող մարդիկ օժտված են բարձր կամային հատկանիշներով:
Եղե՛ք կամքից ուժեղ և մի՛ վնասեք ձեր թանկագին առողջությունը:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

 

 

 

 

 

 

   ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
   ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ, ՍՑԵՆԱՐԻՍՏ, ԵՐԳԱՀԱՆ

   Կյանքում հաջողության հասնելու գաղտնիքները շատ են: Անշուշտ նվիրվածությունը, համառությունը, պարտաճանաչությունը, աշխատասիրությունը, գործիդ նկատմամբ սերը, պայքար տանելու ամուր կամքը, չկոտրվելու և չհուսահատվելու հատկությունը, թիմային աշխատել կարողանալու, մարդկանց հետ լեզու գտնելու հատկությունները, անընդհատ ինքնակրթվելը, կյանքի տված հնարավորությունները բաց չթողնելու խելամտությունը՝ մարդուն կդարձնեն հաջողակ:
Սակայն ես ցանկանում եմ հաջողության հասնելու համար նշել ևս մի շատ կարևոր բան, առանց որի հաջողությունը դժվար թե լիակատար լինի: Դա стимул-ն է, դրդապատճառը, մուսան, մղիչ ուժը, ոգեշնչման աղբյուրը… ինչպես ցանկանում եք, կարող եք այն անվանել: Բայց դա կա և, գիտակցես, թե ոչ, այն գործում է: Արթնանալ ու շարունակել շարժվել դեպի նպատակը՝ քեզ մղում է այդ դրդող ուժը, այդ ոգեշնչման աղբյուրը. դա կարող է լինել մարդ, ում սիրում ես, կարող է լինել առարկա, որը ձգտում ես ունենալ, կարող է լինել բնությունը, հավատքը, երազանքը, մեկի շատ լավ, կամ շատ վատ խոսքը, կարող է լինել նաև մեկի հավատը, կամ ընդհակառակը չհավատալը քո ուժերին, մեկին ուրախություն պատճառելը կամ բարեկեցություն պարգևելը և այլն: Ունեցիր ոգեշնչման աղբյուր և կունենաս էներգիայի մեծ հոսք՝ նպատակդ իրագործելու և հաջողության հասնելու համար:
Կինոյի և երաժշտության ասպարեզում ևս մարդը պիտի ունենա վերը նշված բոլոր հատկանիշներն ու կրկնվեմ նաև՝ դրդապատճառ: Ճշտապահությունը ևս, ամեն գործում կարևոր է՝ ինչ մասնագետ էլ լինես: Հաստատակամությունը նույնպես հաջողության գրավականներից մեկն է, երբ, խնդիրների մեծացման պատճառով, չես լքում քո նպատակն ու առավել մեծ ուժով ես շարժվում առաջ:
Արվեստի մեջ հաճախ են հնչում քննադատություններ: Եթե ուզում ես լինել հաջողակ, ոչ թե փակվիր սենյակումդ ու լաց եղիր, ոչ թե մտածիր, որ քեզ նախանձում են, դրա համար են քննադատում, այլ ամեն մի խոսքի մեջ գտիր քո թերի կողմերը, ուղղվիր, կատարելագործվիր ու մի կրկնիր հին սխալներդ: Այս դեպքում հաջողությունը քեզ հաստատ կժպտա:
Ծխելը թունավորում է և ծխողին և նրա շուրջը գտնվող մարդկանց: Անշուշտ ծխող արվեստագետը ունենում է մի շարք խնդիրներ, որոնք չի ունենում չծխողը: Օրինակ՝ արհեստավարժ դերասանը, պետք է տիրապետի միառժամանակ բեմական շարժմանը, բեմական խոսքին, պարերի տեսակներին, վոկալային արվեստին, սպորտին (ձիավարություն, լող և այլն), պետք է լինի ֆիզիկապես մարզված, ամուր և այլն: Այս բոլորի դեպքերում էլ ծխելն ունենում է բավականին մեծ բացասական ազդեցություն, քանի որ թուլացնում է մարդու շնչառական համակարգը, իջեցնում դիմադրողականությունն ու դժվարեցնում սրտի աշխատանքը, ինչն էլ նպաստում է գործի մեջ թերանալուն և մյուսներից ետ մնալուն:
Ինքս երբեք չեմ ծխել, չեմ ծխում և չեմ էլ ծխելու երբևէ: Օդում եղած մի փոքր ծուխն անգամ ինձ համար անտանելի է: Կոնկրետ ես, հնարավորինս ընտրում եմ չծխող գործընկերների, և հիմնականում, աշխատում եմ նրանց հետ, որպեսզի աշխատանքս վնաս չհասցնի իմ առողջությանն ու տհաճություն չպատճառի ինձ: Եթե բոլորն ինձ պես մտածեն, օրերից մի օր բոլոր ծխող մարդիկ կդառնան գործազուրկ:
Նա, ով համարում է, որ ծխելն իրեն իմիջ է հաղորդում, դարձնում առավել հրապուրիչ, չարաչար սխալվում է: Ինձ համար հմայիչ է նա, ով մտածում է իր առողջության մասին և չի անտեսում նաև մյուսների առողջությունը: Եթե մարդը չի մտածում սեփական անձի մասին, նա հաստատ չի մտահոգվի նաև դիմացինի համար: Ես չծխող մարդկանց նկատմամբ առանձնահատուկ դրական վերաբերմունք ունեմ:
Վերջերս շատ ուրախացա, երբ իմացա, որ մի ամբողջ կուրսի ուսանողներ չեն ծխում: Փաստորեն նոր սերունդն իմաստուն է…

18.02.2016