Հարցազրույց Արմեն Թադևոսյանի հետ

 

 

 

 

 

  ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՔ Է ՔԱՂԵՍ
  ԱՅՆ ԴՐԱԿԱՆԸ, ԻՆՉԸ ՔԵԶ ՏՐՎՈՒՄ Է
  ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

  – Հարգարժան Արմեն Թադևոսյան, քանի որ մեր կայքը մանկապատանեկան է, նախ կցանկանանք, որ մեզ պատմեք Ձեր երեխաների մասին. ինչո՞վ են նրանք զբաղվում: Արդյոք շարունակու՞մ են իրենց ծնողների ճանապարհը, թե՞ նրանք այլ նախասիրություններ ունեն:
Իմ երկու երեխաները սովորում են դպրոցում՝ Շիրակացու անվան ճեմարանում։ Տղաս 16 տարեկան է, սովորում է 11-րդ դասարանում, իսկ աղջիկս 11 տարեկան է, սովորում է 5-րդ դասարանում։ Ի տարբերություն Դավիթի, Էլենը, կարծես թե, ունի ցանկություն ավելի մոտիկից ճանաչել այն ասպարեզը, որում գտնվում եմ ես, սակայն, կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել այդ մասին։ Առհասարակ, երեխաները իրենք պետք է որոշեն, թե որ ասպարեզն է իրենց ավելի մոտ, իսկ մենք, որպես ծնող, պարզապես նրանց կողքին ենք, նրանց մեջքին կանգնած, և մեր առաքելությունը կհամարենք ավարտված այն ժամանակ, երբ արդեն մեր երեխաները կյանքում կայուն դիրք կունենան։

– Պարոն Թադևոսյան, քչերին է հայտնի, որ Դուք, բացի լավ հաղորդավար, դերասան և սցենարիստ լինելուց, նաև ունեք այլ մասնագիտություն: Պատմեք մեզ Ձեր այդ կրթության և մասնագիտության մասին: Զբաղվե՞լ եք երբևէ դրանով և ինչպե՞ս ստացվեց, որ այսօր չեք աշխատում այդ մասնագիտությամբ:
– Շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Այո, ես սովորել և ավարտել եմ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը (մեր ժամանակ այդպես էր կոչվում)։ Անգլերեն լեզվի և պատմության մասնագետ եմ։ Այնպես ստացվեց, որ դեռ ուսանողական տարիներին, սկսեցի խաղալ Ու.Հ.Ա. (КВН) և ամեն ինչ սկսվեց այդպես։ Իմ կյանքի ընթացքում, ես աշխատել  եմ նաև իմ մասնագիտությամբ։ Իմ ուսանողական տարիները շատ լավն էին: Առհասարակ, ես կարծում եմ, որ ցանկացած ժամանակից պետք է քաղես այն դրականը, ինչը քեզ տրվում է։

– Զրուցել Ձեզ հետ և չխոսել բոլորի կողմից շատ սիրված “Comments” հաղորդաշարի մասին, ուղղակի անհնար է: Ինչպե՞ս ստեղծվեց այս հաղորդումը, քանի՞ տարվա պատմություն ունի: Արդյոք հե՞շտ է համագործակցելը հենց հեռուստադիտողի հետ:
– Իրոք, դժվար է այս պահին ինձ համար հավատալ, բայց հաղորդաշարը արդեն 4 տարեկան է։ Այս տարիների ընթացքում, ամեն մի նոր եթերաշրջանի ժամանակ, հաղորդումը մշտապես ենթարկվել է փոփոխության և, կարծում եմ, հենց դա էլ նպաստել է, որ այն մինչ օրս մնացել է եթերում։ Սակայն, մի բան եղել է անփոփոխ։ Մշտապես  մեր կողքին եղել են մեր շատ սիրելի հեռուստադիտողները։ Դժվար է պատկերացնել հաղորդաշարը՝ առանց հեռուստադիտողների ակտիվ մասնակցության, և դրանով ամեն ինչ ասված է։ Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ և՛ հեռուստադիտողներին, և՛ մեր անձնակազմին, և՛ Արմենիա հեռուստաընկերությանը, որ նրանք իմ կողքին են։

– Որպես սցենարիստ, կասե՞ք, արդյոք հե՞շտ է ստեղծվում հումորը: Դա մուսայի՞ արդյունք է, թե՞ կյանքի ու կենցաղի արտացոլանք: Արդյոք հե՞շտ է ծիծաղ պարգևելը՝ մարդկանց:
– Շատ դժվար է ստեղծել հումոր, շատ։ Առավել ևս, որ հումորը լինում է շատ տարբեր և դու պետք է անես այնպես, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց հաճելի րոպեներ պարգևես։ Իհարկե, հումորն էլ ունի իր նրբությունները և, հումոր ստեղծելիս, պետք է անպայնման հաշվի առնել, թե ում համար է այն նախատեսված։

– Որպես շրջագայող մարդ, ասացեք խնդրեմ, ո՞րն է աշխարում Ձեր տեսած ամենահիշարժան, ամենազարմանահրաշ վայրը կամ երկիրը: Ասացեք նաև, թե ո՞ր երկրում եք Ձեզ ամենալավը զգում և կա՞ արդյոք մի վայր, որտեղ դեռ երազում եք լինել:
– Առանձնահատուկ չեմ ուզում նշել, որովհետև ամեն մի վայրն ունի իր գեղեցիկը, իր հիշարժանը։ Լինեմ անկեղծ, ես ինձ ամեն տեղ էլ լավ եմ զգում, ուղղակի դրսում լինելով, կարոտում եմ Երևանս, իսկ Երաևանում գտնվելով, դուրսը չեմ կարոտում։

– Ինչպիսի՞ զգացողություն ունեցաք, երբ Ձեր դուստր՝ Էլեն Թադևոսյանը «Հեքիաթֆիլմի» կողմից ստացավ հրավեր՝ նկարահանվելու «Թափթփված Թագուհին» ֆիլմում: Գո՞հ եք կինոյում նրա առաջին դերակատարումից:
– Իհարկե, գոհ եմ։ Դա Էլենի առաջին փորձն էր։ Թե որքանով հաջող էր, և որքանով ոչ՝ ես չպետք է ասեմ, այլ պետք է ասի հանդիստատեսը։ Ես իմ կողմից պարզապես շնորհակալություն եմ հայտնում «Հեքիաթֆիլմին» այս հրավերի համար։

– «Հեքիաթֆիլմն» այս համագործակցության շնորհիվ ճանաչեց Ձեզ՝ նաև որպես մարդ: Այն, ինչը չի երևում էկրաններից այն կողմ, անպայման նկատվում է իրականում: Անչափ ուրախ ենք, որ արդեն ծանոթ ենք մեծ հարգանքի արժանի Արմեն Թադևոսյան լավ ու բարի անձնավորության հետ և այդ մասին վստահությամբ հայտնում ենք բոլորին:
– Ես նույնպես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ  «Հեքիաթֆիլմի» հետ։

– Ինչո՞վ է տարբերվում իրարից երեխաների և մեծահասակների հետ աշխատելը: Ո՞ր դեպքում է հեշտ, ո՞ր դեպքում դժվար:
– Ցանկացած դեպքում լինում է և՛ հեշտ, և՛ դժվար։ Իհարկե, երեխաների դեպքում, կարծում եմ ավելի դժվար է, որովհետև նախ և առաջ պետք է հաշվի առնել, որ դիմացդ երեխա է։

– Ի՞նչ մուլտֆիլմեր եք խորհուրդ տալիս դիտել երեխաներին:
– Եթե լինեմ անկեղծ, ապա՝ փոքրիներին խորհուրդ եմ տալիս դիտել մեր սովետական ժամանակների մուլտֆիլմերը։ Դիտումների ցանկից թող բացառեն մի քանի արտասահման մուլտֆիլմեր: Այսօր, երբ տեսնում եմ, թե ինչ մուլտֆիլմեր են ցուցադրվում, ես ինքս եմ սկսում վախենալ։ Դրանք սարսափ են, ոչ թե մուլտֆիլմ։ Անշուշտ, սովետական մուլտֆիլմեր եմ խորհուրդ տալիս դիտել։

Սակայն այս ամենը չի վերաբերվում մեր հայկական մուլտերին, որոնք շարունակում են զարգանալ, և ասեմ, շատ հաջող։ Դրա վառ օրինակը՝ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերն են, ում գործը մեր օրերում փայլուն շարունակում է նրան որդին՝ Դավիթ Սահակյանցը՝ իր թիմով և իր հրաշալի մուլտֆիլմերով, որոնցից մեկն է «Անահիտը»։

– Ինչպիսի՞ն էր Ձեր համագործակցությունը «Հեքիաթֆիլմի» հետ՝ «Հավես չկա» ֆիլմի շրջանակում: Ի՞նչ է տալիս այս ֆիլմը և առհասարակ «Հեքիաթֆիլմը» երեխաներին: Ասացեք Ձեր կարծիքը «Հեքիաթֆիլմի» մասին:
– Միանշանակ շատ լավ կարծիք ունեմ և շատ ուրախ եմ, որ «Հեքիաթֆիլմին» կարող եմ համարել իմ լավ ընկերը։ Այն, ինչ անում է «Հեքիաթֆիլմը», դա պարզապես արժանի է մեծ խոսքերի և ինքս, լսելով «Հեքիաթֆիլմի» մի նոր ձեռքբերումների մասին, միանգամից դրական լիցքերով եմ լցվում։

2016