Նարեկ Վարդանյան

 
          Հպարտ եմ, որ հայ եմ 

 

ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

       Պատանի երգիչ Նարեկ Վարդանյանը ծնվել է 2003թ. հունվարի 2-ին Երևանում: Կես տարի անց տեղափոխվել է Ռ.Դ. Օրսկ քաղաք: Իր առաջին երաժշտական գիտելիքները ստացել է «Սիրիուս» երգի ստուդիայում և տեղի երաժշտական դպրոցում: Նարեկի վոկալի առաջին ուսուցիչը եղել է Իրինա Անատոլևնան: 2014թ.-ից Նարեկը տեղափոխվել է Երևան և իր վոկալային կրթությունը շարունակում է Նաիրա Գուրջինյանի «Ջեզլ» երաժշտական խմբում:
Նարեկ Վարդանյանը մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, այդ թվում՝ “Junior Evrovision” և  “Новая волна” միջազգային մրցույթների նախընտրական փուլերին: 2015թ. Նարեկ Վարդանյանը մասնակցել է Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» երաժշտական փառատոնին և զբաղեցրել պատվավոր 1-ին տեղը: Նարեկն արժանացել է նաև այլ պատվավոր մրցանակների:
2015թ. մարտ ամսից սկսվեց Նարեկ Վարդանյանի և «Հեքիաթֆիլմ»-ի համագործակցությունը: «Հեքիաթֆիլմ»-ին վստահվեց Նարեկ Վարդանյանի թվով 1-ին տեսահոլովակի ստեղծումը: «Հեքիաթֆիլմ»-ի հեղինակ և ռեժիսոր Նարինե Մնացականյանը գրեց 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված երգ՝ «Հայը» վերնագրով, որի կատարումը վստահեց հենց՝ Նարեկ Վարդանյանին: Հենց այս երգի հիման վրա էլ նկարահանվեց «Հեքիաթֆիլմ»-ի և Նարեկ Վարդանյանի համատեղ տեսահոլովակը, որի ռեժիսորն է, երգի հեղինակ՝ Նարինե Մնացականյանը:
Բացի երաժշտական համագործակցությունից, «Հեքիաթֆիլմ»-ը, Նարեկ Վարդանյանի դերակատարմամբ, նկարանում է նաև՝ գեղարվեստական ֆիլմ:
Այս ամենի շուրջ զրուցեցի հենց իր՝ Նարեկ Վարդանյանի հետ:

–  Նարե՛կ, մի փոքր պատմեք այն մրցույթների մասին, որտեղ Դուք միայն կիսաեզրափակիչ փուլերին եք մասնակցել:

–  2015թ.-ին “Новая волна” միջազգային մրցույթում ցավոք սրտի եզրափակիչ փուլ չեմ անցել:  Այդ մրցույթում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն ստացավ մի շատ լավ աղջիկ՝ Մերի Քոչարյանը: Ես մաղթում եմ, որ Արտեկում՝ Հայաստանը ներկայացնելիս, նա երգի շատ լավ և գրավի առաջին տեղը:   2014թ.-ի “Junior Evrovision” միջազգային մրցույթի նախընտրական փուլի ժամանակ ներկայացել եմ 4-րդ համարի ներքո՝ և կատարել եմ «Աշուն» երգը: Ինձ հետ պարում էին 4 աղջիկ: Ես նույպես պարում էի, բայց ոչ այնքան շատ, որքան նրանք:

–  Պարի հաճախու՞մ եք:

–  Առանձին պարի խմբակ չեմ հաճախում, բայց, վոկալի դասերին զուգընթաց՝ նաև պար ենք անցնում:

–  Մի փոքր պատմեք Գյումրիում անցկացված «Վերածնունդ» փառատոնի մասին, որտեղ Դուք հաղթեցիք՝ զբաղեցնելով 1-ին տեղը:

–  2015թ. ապրիլի 19-ին Գյումրիի «Վերածնունդ» փառատոնի շրջանակում երգել եմ Գոռ Սուջյանի երգացանկից «Ես կուլամ» և Մայքլ Ջեքսոնի “Earth Song” երգերը: Ասում են, որ երգել եմ շատ լավ և, այո, ինչպես նշեցիք՝ գրավել եմ 1-ին տեղը:

–  Շնորհավորում ենք:

–  Շնորհակալ եմ:

–  Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ ստացաք համագործակցության հրավեր՝ «Հեքիաթֆիլմ» կինոնախագծի կողմից:

–  Ինձ մոտ շոկային իրավիճակ էր: Երբ մայրս ինձ ասաց այդ մասին՝ ես չէի կարողանում հավատալ: Բայց, երբ նրա հետ եկա «Հեքիաթֆիլմ»՝ ես ամեն ինչը տեսա սեփական աչքերով և, ի վերջո, հավատացի:

–  Ինչպիսի՞ն է «Հեքիաթֆիլմ»-ում Ձեր ստացած կերպարը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, որքանո՞վ է Ձեզ դուր գալիս և որքանո՞վ է այն նման Ձեզ:

–  «Հեքիաթֆիլմ»-ի նոր ֆիլմում խաղում եմ գլխավոր դերերից մեկը, որը սիրում է ֆուտբոլ խաղալ, սիրում է զբաղվել սպորտով, սիրում է սովորել: Բայց նա ունի ընկերներ, ովքեր ալարում են խաղալ իր հետ, փոխարենն ամբողջ օրը նստում ու անիմաստ խոսում են իրար հետ: Իմ կերպարը մի դրական տղայի կերպար է, ով ունի ընկերներ և սիրում է իր բակը, որտեղ իջնում ու խաղում է… մի խոսքով այդ ֆիլմում ես լավ և օրինակելի տղա եմ: Ինչպես իմ կերպարը՝ ես նույնպես սիրում եմ ֆուտբոլը և մարդկանց բարի խորհուրդներ տալը: Կերպարիս նման չեմ նրանով, որ իրականում ես երգող եմ, իսկ ֆիլմում, ցավոք սրտի՝ չեմ երգում:

–  Հայեցի ապրելու ձգտումը և հայրենակիցների կողքին ապրելու մղումը Ձեզ բերեցին հայրենիք: Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ գրեթե՝ հայրենիք վերադառնալուն պես, Ձեզ համար գրվեց հայի մասին երգ: Ի՞նչ ապրումներ ունեցաք՝ «Հայը» երգը կատարելիս և հայի մասին տեսահոլովակում նկարահանվելիս:

–  «Հայը» երգը կատարելիս իմ հոգում առաջ եկան հարցեր. ինչու՞ է 1915 թվականին թշնամին ցանկացել վերացնել հայերին, ինչու՞ է նա փորձել անել այնպես, որ հայերը ընդունեն ոչ թե Քրիստոնեությունը, այլ լինեն մուսուլմաններ: «Հայը» երգը կատարելիս իմ հոգում ունեցա այնպիսի մի զգացողություն, որ եթե այդ պահին կողքիս կանգնած լիներ հային վնասող թշնամին՝ նա 100%- ով իմ ձեռքերից չէր փախչի և ես այդ հարցը այդպես չէի թողնի: Այս երգը կատարելիս ես մտովի տեղափոխվեցի  Հայոց Ցեղասպանության արյունալի 1915 թվականը, երբ անմեղ զոհեր դարձան 1.5 միլիոն հայեր՝ երեխաներ, կանայք, տղամարդիկ, տատիկներ, պապիկներ…  «Հայը» երգը կատարելիս վերապրեցի հայրենակիցներիս ցավը:

–  Տեսահոլովակում պարզ երևում է, որ իրոք վերապրելով եք երգել և նկարահանվել: Ի՞նչ եք զգում, որ հայ լինելով երգում եք մի երգ,  որը կոչվում է «Հայը»:

–  Այս երգը կատարելիս և առհասարակ միշտ՝ ես հպարտ եմ, որ հայ եմ:

–  Նարեկ, ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ տեսաք «Հայը» տեսահոլովակը:

–  Ես չէի պատկերացնում, որ այս տեսահոլովակում այդպիսի դերակատարմամբ էի հանդես գալու. այսինքն՝ մանկապատանեկան նուրբ մոտեցմամբ, ներկայացնելու էի հայի տառապանքներն ու վերածնունդը: Տեսահոլովակն առաջին անգամ տեսնելիս ես ուղղակի շոկի մեջ էի: Կրկնվեմ, ասելով, որ վերհիշելով ու վերապրելով եմ խաղացել, որպեսզի ռեժիսորը ստանա այն ինչ ցանկացել է:

–  Ի՞նչ զգացիք, երբ ռեժիսորը Ձեր առաջ խնդիր դրեց խաղալ հայի տառապանքը:

–  Տեսարանը նկարահանելիս ես արդեն բավականին հոգնած էի, բայց ես արեցի այն, ինչ նա պահանջեց ինձնից: Տեսահոլովակի ռեժիսորը Նարինե Մնացականյանն է: Խորին շնորհակալություն նրան, որ նա այսպիսի մի տղայի համար  ստեղծեց այդպիսի խոսքեր, երաժշտություն և տեսահոլովակ: Այս երգը մեծ հպարտությամբ եմ կատարել:

–  Ինչպիսի՞ն է աշխատանքը ռեժիսոր Նարինե Մնացականյանի հետ:

–  Երբ ես սկզբում սկսեցի նրա հետ աշխատել, ամեն ինչ շատ հեշտ էր: Բայց երբ սկսվեցին տեսահոլովակի և ֆիլմի նկարահանումները՝ նրա հետ աշխատելը դարձավ շատ – շատ դժվար: Չէր կարելի ծիծաղել, չէր կարելի հենց այնպես խոսել: Անհրաժեշտ էր միայն կատարել այն, ինչ մեզնից պահանջվում էր և մնալ կերպարի մեջ:

 – Ո՞ր հատվածն է Ձեզ առավել դուր գալիս Ձեր առաջին՝ «Հայը» տեսահոլովակում:

–  Չկա այնպիսի մի հատված, որն ինձ դուր չի գալիս: Այն ինձ լիովին և ամբողջովին դուր է գալիս:

–  Ձեր առաջին տպավորությունը «Հեքիաթֆիլմ» կինոնախագծի մասին:

–  Երբ ես առաջին անգամ տեսա ”Alan-talan” տեսահոլովակը և լսեցի այդ երգը՝ «Թևավոր Երազանքը» երաժշտական ֆիլմից, «Հեքիաթֆիլմ»-ն ինձ միանգամից սկսեց դուր գալ: Ես հասկացա, որ «Հեքիաթֆիլմ»-ը նկարահանում է շատ լավ ֆիլմեր, դրա համար էլ ես համաձայնվեցի նկարահանվել «Հեքիաթֆիլմ»-ի նոր՝ «Հավես չկա» ֆիլմում, որը մոտ ապագայում կհանձնենք հանդիսատեսի դատին: ”Alan-talan” երգն առանձնապես ինձ շատ է դուր գալիս:

– Ապագայում ցանկանու՞մ եք շարունակել համագործակցությունը «Հեքիաթֆիլմ»-ի հետ: Մանկապատանեկա՞ն, թե՞ ավելի երիտասարդական ֆիլմերում եք ցանկանում նկարահանվել:

–  Իհարկե կհամագործակցեմ: Բայց ես նաև ցանկանում եմ նկարահանվել մեծահասակների համար ստեղծվող ֆիլմերում: Երբ ես տեսա ”Super mama” ֆիլմը, չգիտեմ ինչու սրտումս ցանկություն առաջացավ նկարահանվել այդ կատակերգությունում: Երեխաների հետ միշտ ավելի դժվար է աշխատելը, իսկ երիտասարդների և մեծահասակների հետ՝ ավելի հեշտ: Մանկապատանեկանը կարծում եմ բավական է: «Հեքիաթֆիլմ»-ի երիտասարդական ֆիլմերում սիրով կնկարահանվեմ:

–  Սիրելի Նարեկ, www.heqiatfilm.com կայքի խմբագրությունը  Ձեզ մաղթում է նորանոր աշխատանքներ և մեծ հաջողություններ:

–  Շատ շնորհակալություն:

– Եվ վերջում մեր կայքի ավանդական հարցը. Ի՞նչ եք մաղթում ամբողջ աշխարհի երեխաներին:

–  Ամենագլխավորը՝ լինեն առողջ, ունենան լավ ընտանիք: Թող որ լինեն խելացի, գրագետ երեխաներ և լսեն իրենց ծնողներին:

Գայանե Մ.