Բարեգործական ցուցահանդես – վաճառք

dscn5748

Երազանքի   իրականացում  
«Զարթուցիչ»-ում  

          Արվեստը հայ ժողովրդի գիտակցության ու դարավոր պահպանման գրավականներից մեկն է: Մեր հասարակությունը մշտապես գտնվել է արվեստի զարգացման ու կատարելագործման թոհուբոհում: Հայ արվեստասերը մշտապես եղել է ներշնչված արվեստով ու դրա արժեքներով: Հայ արվեստասերների համար ևս մեկ գեղեցիկ առիթ ստեղծվեց՝ զմայլվելու հայ արվեստագետների տաղանդով ու շնորհաշատ ստեղծագործություններով:
Քաղաքամայր Երևանում կայացավ բարեգործական ցուցահանդես-վաճառք հենաշարժական խնդիրներ ունեցող հելյունագործ՝ Լուսինե Ավագյանի և լուսանկարիչ՝ Գառնիկ Մելիք-Կարապետյանի մասնակցությամբ: Հայ արվեստասերները եկել էին ոգևորելու և դիտելու արվեստագետների գեղեցիկ աշխատանքները և իրականություն դարձնելու նրանց՝ ցուցահանդես ունենալու բաղձալի երազանքը:
Հաշվի առնելով մեր հասարակությունում տիրող պասիվ վերաբերմունքն ու անտարբեր մթնոլորտը հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ՝ առավել ջերմ վերաբերմունք ու օժանադակություն է հարկավոր մեր հանրության խոցելի խմբին: Որպես ՀՀ քաղաքացիներ, մեր յուրաքանչյուրի սոցիալական պարտքն է նույնիսկ չնչին օգնությամբ ու սատարանքով օգնել հենաշարժական խնդիրներ ունեցող արվետսագետներին և հավատ ներշնչել նրանց, որպեսզի շարունակեն լիարժեքորեն ապրել և ստեղծագործել: Չէ՞ որ նրանք իրենց ստեղծագործություններում արարում են բնավորություն, հոգեվիճակ, որոնք ուրախ են, իսկ առավել հաճախ տխուր ու մելամաղձոտ:
Միջոցառման կայացումը «Զարթուցիչ» հաջողության թրեյնինգի և Թիմ Թայմի նախաձեռնությունն էր: «Զարթուցիչ» նախագծում մեծապես կարևորվում է սոցիալական պատասխանատվության զգացումը և սերմանվում օգնելու պատրաստակամություն դիմացինի նկատմամբ: Եվ իսկապես, մեզանից ոչ ոք երջանիկ լինել չի կարող միայնակ: Մեր յուրաքանչյուրի առաքելությունն է նվիրել ժպիտ ու երջանկություն: Եվ թո՛ղ որ երջանիկ լինելու առիթները մեր երկրում անվերջ շատանան…

 

Էմիլի Տեր-Հովհաննիսյան
05.10.2016թ.