Ալեսյա Ժիլինա

 

«ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ»  ՖԻԼՄԻ  ՇՆՈՐՀԻՎ  ԵՍ ԵՎ ՔՈՒՅՐԻԿՍ  ԱՅԼԵՎՍ  ՉԵՆՔ ՎԻՃՈՒՄ

ԱԼԵՍՅԱ  ԺԻԼԻՆԱ

     

Դերերը – «Թևավոր Երազանքը» ֆիլմում ՝ պարապ – սարապ աղջիկ Վիոնա ,                 «Արժանի լինել» ֆիլմում գլխավոր երկու դեր՝  Անիտա և Մոնա               

 

      Ալեսյա Ժիլինան ծնվել է 2000թ. հոկտեմբերի 19-ին Երևանում: Դպրոցում սովորում է գերազանց: Հաճախում է անգլերենի և ռուսաց լեզվի պարապմունքների: Գերազանց սովորում է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Մասնակցել է Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային  փառատոնին և բազմիցս արժանացել պատվավոր դիպլոմների: Հաճախում է պարի խմբակ, ելույթներով հանդես է եկել Երևանում և Թիֆլիսում: Նկարահանվել է  «Հեքիաթֆիլմ»  նախագծի ֆիլմերում. «Թևավոր Երազանքը» ֆիլմում հանդես է եկել Վիոնա անունով պարապ – սարապ աղջկա կերպարով,  «Արժանի լինել»  ֆիլմում  խաղացել  է  երկու գլխավոր դեր՝ Անիտա և Մոնա:

– Պատմեք Ձեր հետաքրքրությունների և սիրած զբաղմունքների մասին:

– Սիրում եմ նկարել, պարել, դաշնամուր նվագել, լողալ: Նաև սովորում եմ համակարգչային դիզայներական ծրագրեր:

– Որո՞նք են Ձեր սիրած առարկաները դպրոցում:

– Մայրենի լեզուն, մաթեմատիկան, անգլերենը և ֆիզկուլտուրան:

– Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

– Երաժշտություն եմ լսում, հեռուստացույց եմ դիտում, հուլունքներից վզնոցներ և թևնոցներ եմ պատրաստում, ասեղնագործում եմ: Նաև սիրում եմ զբոսնել փոքր քրոջս կամ եղբորս հետ:

– Ինչպիսի՞ն էր Վիոնայի կերպարը «Թևավոր Երազանքը» ֆիլմում:

– Ֆիլմի սկզբում իմ մարմնավորած հերոսուհին պարապ-սարապ, աննպատակ ապրող աղջիկ էր: Վերջում երազանքների հրեշտակի շնորհիվ Վիոնան և իր ընկերները դառնում են նպատակասլաց:

– Հե՞շտ էր արդյոք դերակատարմանը զուգահեռ երգել և պարել ֆիլմում:

– Սկզբում, իհարկե դժվար էր, բայց հետո բոլորս էլ հունի մեջ մտանք: Ֆիլմի նկարահանումներից առաջ բազմիցս հավաքվել ենք ռեժիսոր Նարինե Մնացականյանի մոտ և առանձին – առանձին աշխատել դերի, պարի և երգեցողության վրա:

– Հետաքրքիր ի՞նչ դեպք եք հիշում «Թևավոր Երազանքը» ֆիլմի նկարահանումներից:

– Մարզահամերգային Համալիրի հարևանությանբ գտնվող անտառում  սահադաշտից հանած ձյուն կար: Ամռանը ձյուն տեսնելով, մենք ոգևորությամբ սկսեցինք ձնագնդի խաղալ՝ մոռանալով, որ նկարահանման ենք եկել:

– Ի՞նչ կարծիք ունեք «Հեքիաթֆիլմ» նախագծի ֆիլմերի մասին:

– Կարծում եմ,որ ամեն երեխա պետք է դիտի այդ ուսուցողական ֆիլմերը և կյանքի տված նվերներին արժանի լինի:

– Դժվար չէ՞ր արդյոք մեկ ֆիլմում երկու կերպար մարմնավորելը:

– Իհարկե դժվար էր: Բայց, քանի որ նկարահանումները տեղի էին ունենում տարբեր օրեր՝ խնդիրը փոքր-ինչ հեշտանում էր:

– Դուք Ձեզ ավելի շատ ո՞ւմ եք նմանեցնում. Անիտայի՞ն, թե՞ Մոնային:

– Ավելի շատ Անիտային: Բայց Մոնայի կերպարին էլ որոշ նմանություններ ունեմ:

Ինչպես Անիտան, ես էլ սիրում եմ դաշնամուր նվագել և անտարբեր չեմ երեխաների նկատմամբ: Իսկ Մոնային նման եմ, որովհետև սեր ունեմ գեղեցիկ հագնվելու և աքսեսուարներ կրելու նկատմամբ:

– Դուք նկարահանվել եք և՛ փորձառու դերասանների, և՛ երեխաների հետ: Ո՞ր դեպքում էր հեշտ և ո՞ր դեպքում դժվար:

– Բնական է,որ փորձառու դերասանների հետ ավելի հեշտ է աշխատելը:

– Արժանի լինել ֆիլմում դուք դաշնամուր եք նվագում: Տարբերվու՞մ են արդյոք զգացողությունները բեմում և ֆիլմում նվագելիս:

– Զգացողությունները նույնն են, քանի որ, երկու դեպքում էլ հանդիսատեսի համար եմ նվագում:

– Ի՞նչ հետաքրքիր դեպք եք հիշում «Արժանի լինել» ֆիլմի նկարահանունմներից:

– Հետաքրքիրն այն էր, որ կարողանում էինք հաղթահարել ցանկացած դժվարություն: Օրինակ՝ մի անգամ, նկարահանման ժամանակ ուժեղ անձրև եկավ, իսկ մենք շատ բարակ հագուստներով էինք և մրսում էինք: Այդ ժամանակ, մոտակայքում ապրող մի անծանոթ մարդ, մեզ հրավիրեց իր տուն՝ թեյ խմելու:

– Խաղացած կերպարները ի՞նչ հետք թողեցին Ձեզ վրա: Ինչ որ բան փոխվե՞ց:

– Այո, ես և քույրիկս առաջ ամեն օր վիճում էինք, բայց «Արժանի լինել» ֆիլմի շնորհիվ ես և քույրիկս այլևս չենք վիճում: Ֆիլմում այդպիսի տեսարան կա, երբ իմ քույրիկը ինձնից օգնություն է խնդրում, իսկ ես մերժում եմ: Այդ տեսարանից հետո ես հասկացա, որ պետք է հարազատ քրոջս միշտ օգնեմ և չվիճեմ նրա հետ:

– Ձեր զբաղմունքներից ամենաշատը ո՞րն եք սիրում:

– Դաշնամուր նվագելը:

Ո՞ր կոմպոզիտորների ստեղծագործություններն եք սիրում նվագել և լսել:

– Բախ, Մոցարտ, Առնո Բաբաջանյան:

– Արդեն ընտրե՞լ եք Ձեր ապագա մասնագիտությունը:

– Դեռ չեմ կողմնորոշվել, բայց երևի կընտրեմ դերասանի մասնագիտությունը, որովհետև այն իր մեջ միավորում է երգելը, պարելը և նվագելը:

– Ի՞նչ կմաղթեք աշխարհի բոլոր երեխաներին:

– Աշխարհի բոլոր երեխաներին մաղթում եմ, որ նրանք բարի լինեն, լավ սովորեն, արդար կյանքով ապրեն և կյանքի տված նվերներին արժանի լինեն:

Հարցազրույցը վարեց՝ Գայանե Մնացականյանը