Արմեն Բալաբանյան

 

ՎԻԼԵՆԻ ԿԵՐՊԱՐԸ ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՐՔԵՐ  ԵՄ ԿԱՐԴՈՒՄ 

ԱՐՄԵՆ ԲԱԼԱԲԱՆՅԱՆ

         

Դերերը – «Թևավոր Երազանքը» ֆիլմում՝ ալան – թալանչի,  «Արժանի լինել» ֆիլմում գլխավոր դեր՝  ծույլիկ  աշակերտ Վիլեն Վերդյան       

              Արմեն Բալաբանյանը ծնվել է 1997թ. հունիսի 20-ին Երևանում: Սովորում է ավագ դպրոցում:       Սիրում է դերասանական արվեստը, ինչպես նաև սիրում է երգել, նկարել և շփվել հումորի զգացում  ունեցող մարդկանց հետ:
Նկարահանվել է «Մանկապատում» հաղորդաշարում:
Այնուհետև նկարահանվել է «Հեքիաթֆիլմ» նախագծի ֆիլմերում.  «Թևավոր Երազանքը» ֆիլմում հանդես է եկել ալան-թալանչու դերով: «Արժանի լինել» ֆիլմում  խաղացել է գլխավոր՝ Վիլեն Վերդյանի  դերը:

– Որո՞նք են Ձեր սիրած առարկաները դպրոցում:

– Հայ գրականություն, հայոց լեզու, քիմիա:

– Արվեստի ո՞ր ճյուղերն եք սիրում:

– Ամենաշատը սիրում եմ թատրոնը,քանի որ այդտեղ դերասանի և հանդիսատեսի շփումը ավելի կենդանի է լինում:

– Հե՞շտ էր ալան-թալանչու դերակատարումը:

– Շատ դժվար էր,քանի որ ֆիլմում և՛ երգում էի, և՛ պարում, և՛ խաղում: Պարապում էինք երեք ուղղությամբ: Բայց ես ավելի շատ սիրում եմ Վիլենի կերպարը:

– Ինչպիսի՞ն է Վիլեն Վերդյանի կերպարը: Ըստ Ձեզ  այն դրակա՞ն է, թե՞ բացասական:

– Վիլենը աստղային երազանքներ ունեցող ծույլիկ աշակերտ է, ով վերջում հասկանալով, որ կյանքում ավելի բարձր արժեքներ կան՝ որոշում է սովորելով,  կյանքի տված նվերներին արժանի լինել:

Սկզբում կերպարն ուներ բացասական կողմեր, բայց ընդհանուր առմամբ այն  դրական է, քանի որ Վիլենը ընկերասեր է և իր ընկերների համար պատրաստ է ամեն ինչի:

– Իսկ դուք սովորել սիրո՞ւմ եք:

– Սիրում եմ, բայց ավելի շատ հումանիտար առարկաներ:

– Արդեն ընտրե՞լ եք Ձեր ապագա մասնագիտությունը:

– Իհարկե որոշել եմ: Դառնալու եմ դերասան:

– Ի՞նչ կապ կա Ձեր և Վիլենի կերպարի միջև:

– Ես Վիլենի նման ընկերասեր եմ, բայց ոչ ծույլիկ: Քիչ թե շատ նրա նման ունեմ աստղային երազանքներ: Բայց, ի տարբերություն Վիլենի, կարծում եմ,որ առանց սովորելու ոչնչի չես հասնի:

– Ի՞նչ զգացողություններ ունեիք Վիլենի կերպարը մարմնավորելիս:

– Զգում և ապրում էի այն ամենն, ինչ պետք է զգար Վիլենն ըստ սցենարի:

– Ձեր կարծիքը «Արժանի լինել» ֆիլմի մասին: Ի՞նչ տվեց այն Ձեզ:

– Իմ կարծիքուվ ֆիլմը ստացված է: Դրա մասին վկայեցին ֆիլմի վերջում հնչած ծափահարությունները և մարդկանց դրական կարծիքները:

Ֆիլմն ինձ տվեց դերասանական փորձ, գիտելիքներ, լավ ընկերներ, հաջողություն,  ինչ որ չափով ճանաչում: Սովորեցի կերպար մարմնավորելու և տեսախցիկի հետ աշխատելու գաղտնիքները: Այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում ռեժիսոր Նարինե Մնացականյանին:

– Ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ դու նկարահանվում ես կինոյում:

– Լավ են վերաբերվում և աշխատում են օգնել, ինչով կարող են:

– Փոքրիկների հետ հե՞շտ էր աշխատելը:

– Հեշտ էր, քանի որ նրանք արդեն պատրաստ էին եկել նկարահանման հրապարակ:

– Դժվար չէ՞ր արդյոք գլխավոր դերում նկարահանվելը՝ 13 տարեկան հասակում: Ի՞նչ պահանջվեց քեզանից դրա համար:

– Իմ կարծիքով տարիքը կապ չունի: Կինոյում նկարահանվելն արդեն իսկ դժվար է: Կերպարը մարմնավորելու համար ինձանից պահանջվեց քրտնաջան աշխատանք, շատ էներգիա և ժամանակ:

– Ի՞նչ էիք զգում, երբ էկրանին տեսնում էիք Ձեզ: Ի՞նչ ապրումներ ունեիք: Չէ՞ որ առաջին անգամ էիք նկարահանվել գլխավոր դերում:

– Անբացատրելի զգացումներ ունեի: Լարված էի: Ուշադիր հետևում էի իմ խաղին, որպեսզի գտնեմ թերություններս:

 – Ո՞րն է Ձեր ամենասիրած դրվագը «Արժանի լինել» ֆիլմում:

– Գիրքն ընկնելու պահն եմ սիրում և տնօրենի հետ խոսակցությունը: Ի դեպ, ասեմ, որ շատ հաճելի էր Արամ Գյուրջյանի հետ նկարահանվելը: Կադրից դուրս մենք շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք:

– Ի՞նչ է տվել Ձեզ Վիլենի կերպարը: Փոխվե՞լ է արդյոք Ձեր մեջ ինչ-որ բան՝ Վիլենի դերը խաղալուց հետո:

– Խաղացածս դերի շնորհիվ հասկացա, որ առանց լավ ճանաչելու պետք չէ մեղադրել անմեղ մարդկանց: Վիլենի կերպարը մարմնավորելուց հետո գրքեր եմ կարդում: Մինչ այդ կերպարը կերտելը, ես գիրք կարդալու ցանկություն չունեի: Հիմա ես կարդում եմ շատ տարբեր գրքեր՝ սկսած հայկականից մինչև արտասահմանյան:

– Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն եք սիրում կարդալ:

– Րաֆֆու, Մուրացանի, Պարույր Սևակի, Հակոբ Պարոնյանի …

Ավելի շատ սիրում եմ ռոմանտիկ և երգիծական ուղղվածութուն ունեցող  ստեղծագործություներ:

– Կպատմե՞ք որևէ զավեշտալի դեպք նկարահանումներից:

– Այդքան զավեշտալի չէր, որքան դաժան էր գրքի ընկնելը գրադարանի տեսարանում: Այն մի քանի դուբլով է նկարահանվել:

Բացի այդ՝ ամառ էր, գրադարանի բոլոր տեսարաններում ստիպված էինք դիմանալ սաստիկ շոգի: Լույսերից արձակվող բարձր ջերմաստիճանից նույնիսկ վտանգ կար, որ գրքերը կարող են այրվել:

– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր օրերում ապրողՎիլենի նմաններին:

– Խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը, այցելել թատրոններ և այնպիսի վայրեր, որտեղից կարող են լավ գիտելիքներ ստանալ:

– Ի՞նչ կմաղթեք աշխարհի բոլոր երեխաներին:

– Որ բոլորը լինեն երջանիկ, հասնեն իրենց երազանքներին և ծնողական ջերմության պակաս չունենան:

 

                                                                                                                                                   Հարցազրույցը վարեց՝ Գայանե Մնացականյանը