Հեղինակից

ԿԻՆՈՆ ԻՐ ԿՈՂՔԻՆ Է ՊԱՀՈՒՄ ՄԻԱՅՆ ԻՐԵՆ ՍԻՐՈՂՆԵՐԻՆ

          Կինոռեժիսուրան այն միակ մասնագիտությունն է, որով երբեք չես կարող զբաղվել առանց սիրելու: Կինոն փորձության է ենթարկում իր ուղղությունը բռնած յուրաքանչյուր անձի՝ տալով անսահմանափակ դժվարություններ: Միայն այդ դժվարություններից հաղթանակով դուրս եկածները և նորանոր փորձությունների մշտապես պատրաստ անձինք են մնում կինոյի հետ: Բոլոր նրանք, ովքեր հիասթափվող են, չունեն բավականաչափ կամքի ուժ, համբերություն, փորձում են կինոյով զբաղվել հաճույքի, կամ շուտափույթ փառք վայելելու համար՝ շատ շուտ իրենք են լքում կինոն, իրենց սեփական կամքով:
          Կինոյով ապրելը, կինոյի հետ քայլելը չափազանց դժվար է, բայց նվիրյալներին դա չի վախեցնում կամ վանում, քանզի կինոն ունի իր հանդեպ զգացնել տվող մի ինչ որ «կախարդական սեր», որն իրականում զգում են միայն իսկական կինոնվիրյալները: «Կախարդական սերը» հաստատուն է և հավերժական: Այն երբեք չի պակասում, չի մարում և փոփոխության չի ենթարկվում ժամանակի ընթացքում, որևէ հանգամանքից ելնելով: Կինոյով ուղղակիորեն հրապուրվածների զգացածը կինոյի ձգողական ուժն է միայն, ոչ ավելին:
          Կինոն իր կողքին է պահում միայն նրանց, ովքեր ծնված են իր համար և ժպտում ու հաջողություն է պարգևում միայն իրեն անվերապահորեն սիրողներին: Կինոն չի սիրում շտապողականությունը և միանգամից վերջնական արդյունքը վայելելու անհամբեր ցանկությունը: Կինոն չի սիրում, երբ իրեն դավաճանում են կասկածանքներով, վախերով կամ հիասթափություններով: Արվեստի այս ճյուղն ընտրողը պիտի լինի նաև հանդուրժող, ներող և ունակ աշխատելու տարբեր բնավորություններ ունեցող մարդկանց հետ՝ առանց լուրջ ընդհարումների: Կինոնվիրյալը պիտի պատրաստ լինի, որ ապրելու է հավերժական պայքարներով լի կյանք:
          Այնպես որ, սիրելի փոքրիկ, պատանի, կամ երիտասարդ. եթե որոշես քայլել կինոյի ճանապարհով, ապա նախևառաջ պիտի զգաս կինոյի հանդեպ այն «կախարդական սերը», որը քեզ դարձնում է ամենաուժեղը, ամենահզորը, ամենանվիրվածը և, եթե հաստատուն ես որոշմանդ մեջ, ապա անհաղթահարելի ոչ մի պատնեշ այլևս չպետք է լինի քեզ համար:
          Հարցրու ինքդ քեզ. զգու՞մ ես արդյոք «կախարդական սեր» կինոյի նկատմամբ:

                                                                                                       ©Նարինե Մնացականյան